Հինգ միսիոներ կանանց մասին պատմող «Փրկության քարտեզ» ֆիլմը կներկայացվի կինովարձույթում
КультураՀայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն ամփոփող «Փրկության քարտեզ» ֆիլմը կներկայացվի կինովարձույթում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց կինոնկարի մտահղացման հեղինակ, գլխավոր պրոդյուսեր և «Ման Փիքչրս» ստուդիոյի հիմնադիր-տնօրեն Մանվել Սարիբեկյանը:
«Ֆիլմն արդեն ցուցադրվել է վեց երկրներում ` Հայաստանում, Իրանում, Ավստրիայում, Դանիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, առաջիկա մի քանի ամիսներին նախատեսվում են ցուցադրություններ մի շարք այլ երկրներում: Ցավոք, միայն անձնական ծանոթությունների միջոցով ենք հաջողացնում իրականացնել ցուցադրությունները: Ապրիլի կեսին կամ մայիսին ֆիլմը կներկայացվի նաև կինովարձույթում: Հետո կլինեն նաև խտասկավառակներ, վերջում նաև հեռուստատեսային պրեմիերա»,-նշեց Մանվել Սարիբեկյանը:
Նրա խոսքով` վերջին անգամ ֆիլմը ցուցադրվել է Հելսինկիում հունվարի 28-ին:
«Մոտակա օրերին էլ կլինի ցուցադրություն նույն վայրում: Կան երկրներ, որտեղ դեսպանությունները, հայկական կառույցները հնարավորություն են ստեղծում, որ ֆիլմն անձամբ ներկայացնենք: Մինչ այժմ որտեղ ցուցադրվել է, բավականին դրական արձագանք է ստացել, ինչն էլ ավելի է ուրախացնում »,-տեղեկացրեց ֆիլմի գլխավոր պրոդյուսերը:
Կինոնկարը ցուցադրվել է նաև «Արմենպրես» լրատվական գործակալության սրահում: Այն դիտել են գործակալության աշխատակազմը և հյուրեր:
Ցուցադրության մասնակից, արձակագիր Վանուշ Շերմազանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ցեղասպանության մասին երկու ֆիլմ է առանձնացնում` Անրի Վերնոյի «Մայրիկ»-ը և Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ»-ը:
«Այս կանանցից շատ սովորելու բաներ ունենք: Ամեն մի ընտանիքում պետք է այս ֆիլմը դիտեն: Մենք կոտորվել ենք քրիստոնյա լինելու համար: Այս ֆիլմը հայտարարում է այդ մասին, և ասում, որ մեր կողքին են եղել քրիստոնյա երկրների զավակները: Սա ֆիլմ է, որ պետք է լինի մեր գերատեսչությունների ձեռքին. այս ֆիլմով մենք շատ դռներ կարող ենք բացել: Չպետք է մոռանանք այն, ինչ եղել է, և կարող է լինել: Մենք ապահով չենք»,-նշեց նա:
Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն ամփոփող «Փրկության քարտեզ» ֆիլմը հանրությանը ներկայացվեց 2015-ին: Ռեժիսոր Արամ Շահբազյանի խաղարկային փաստավավերագրական ֆիլմը համամարդկային ցավի, մի ազգին պատահած փորձությունների մասին է՝ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների օրինակով: Կինոնկարը նկարահանվել է ինը երկրի 29 քաղաքներում: Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան, ցեղասպանությունների մասին պատմող գրքերի հեղինակ Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելությ ան ճանապարհը՝ նա գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»:
Ֆիլմի հերոսները եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփեն (Դանիա), Մարիա Յակոբսենը (Դանիա), Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա), Հեդվիգ Բյուլը (Էստոնիա): Ֆիլմում ցեղասպանությունն է, սակայն այն մարդասիրական լույսի տակ է ներկայացվում: