Սերժ Սարգսյանի ելույթը՝ որպես նոր քաղաքական համակարգի նախագիծ
АналитикаՍերժ Սարգսյանին դժվար է լսել: Նա երբեք էլ չի եղել հրապարակային գործիչ և անգամ շատ լավ գրված տեքստերը նրա կատարմամբ դառնում են անհետաքրքիր:
Այս տեսանկյունից ոչնչով չէր առանձնանում Սերժ Սարգսյանի ելույթը այսպես կոչված Սահմանադրական փոփոխությունների մասին, սակայն սա չի խանգարում, որ Սերժ Սարգսյանը բավական հստակ կերպով տեղ հասցնի իր ասելիքը:
Իհարկե, ելույթից հետո հայաստանյան վերլուծագանգային միտքը ձեռնամուխ եղավ հերթական զգայական «քլնգոցին», որտեղ բնականաբար լրջության նշույլ անգամ չկար: Ինչ խոսք, Սերժ Սարգսյանի ելույթը նույնպես համեմված էր տարատեսակ ռազմահայրենասիրական ու պաթոսային զեղումներով, սակայն դա ընդամենը արտաքին շերտն էր, որն առանձնապես հետաքրքիր չէ:
Բոլորովին այլ էր ելույթի բովանդակային կամ թաքնված բովանդակային մասը: Եթե մենք մի պահ մոռանանք «կայուն քլնգոցը» և փորձենք մաքուր քաղաքագիտական վերլուծություն կատարել, ապա ակնհայտ կդառնա, որ Սերժ Սարգսյանը իսկապես էլ ձեռնամուխ է եղել նոր քաղաքական համակարգի և նոր քաղաքական էլիտայի ստեղծմանը: Վերջինս պատկանելու է միմիայն Սերժ Սարգսյանին և անկախ է լինելու նախորդ քաղաքական համակարգերից և էլիտաներից: Սա իհարկե չի նշանակում, որ տեսադաշտից կորչելու են օլիգարխ կամ թաղային հեղինակություն պատգամավորներն ու չինովնիկները, վերանալու են մենաշնորհները և այլն, սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ստեղծում է իր քաղաքական և եթե կուզեք՝ անձնական հենարանը, որը որևէ կերպ կապված չի լինելու ո՛չ Քոչարյանի, ո՛չ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի համակարգերի հետ:
Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, Սերժ Սարգսյանի ելույթում հստակ ուղերձներ կային հենց իր թիմակիցներին, եթե, իհարկե, Սարգսյանն ունի թիմ: Այս տեսանկյունից բավական պարզունակ են երբեմն բավական փորձառու քաղաքական գործիչների կողմից մամուլում հնչող այն տեսակետերը, թե Սերժ Սարգսյանը հանրապետականներին ասաց, որ հանգիստ մնան իրենց տեղերում:
Իրականում Սերժ Սարգսյանի թիմակիցներն առաջինը պետք է անհանգստանան, քանի որ Սերժ Սարգսյանի ելույթը օրգանական շարունակությունն էր մեկ տարի առաջ փետրվարյան նույն օրը հնչած Գագիկ Ծառուկյանի մահախոսականի: Սերժ Սարգսյանի ելույթում թևածում էր այն միտքը, որ Հանրապետականի որևէ չինովնիկ-անդամ ապահովագրված չէ նման քաղաքական մահախոսականից: Սա, անշուշտ, չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը ձեռնարկում է որ որակի իշխանության կամ համակարգի ստտեղծում, այլ ցույց է տալիս, որ Սարգսյանը ստեղծում է իր տեսակով նոր համակարգ ու էլի, որը ձգտելու է անխոցելիության՝ թեկուզ և արատավոր ու ճանապարհներով:
Իհարկե, նման զարգացումն առավելապես վտանգավոր է հայաստանյան հասարկության ապագայի համար, քանի որ նրան սպառնում է մի քաղաքական միջավայր, որն իր բովանդակային առումով փորձելու է լինել ամբողջատիրական: Սա չի նշանակում, որ Հայաստանը դառնալու է տոտալիտար պետություն, դա ուղղակի հնարավոր չէ Հայաստանի պարագայում: Հայաստանյան քաղաքական համակարգը նույնիսկ ավտորիտար չէ, սա, ի դեպ, քննարկման թեմա է:
Հայաստանին սպառնում է Սարգսյանի այն համակարգը, որում նա ստիպված չի լինելու այդ համակարգի մասnիկ կազմող տարբեր թևերին զսպել մինչ օրս իր կողմից կիրառած կոմպրոմատների մեխանիզմով, այս տեսանկյունից Սերժ Սարգսյանը ցանկանում է իր հռչակած նոր քաղաքական համակրգը դարձնել ավելի կուռ և առանց կենտրոնախույս տարրերի:
Նմանօրինակ քաղաքական համակարգը, անկախ իր բնույթից, իներտության մեծ չափաբաժին է ձեռք բերում արտաքին ազդակների նկատմամբ և ինքնակարգավորման մեծ ներուժ ձեռք բերում, ինչը բարձրացնում է վերջինիս պաշտպանունակությունը քաղաքական գործընթացներում:
Սակայն չցանկանալով ավարտել նման հոռետեսական նոտայով՝ այնուամենայնիվ, հարկ է հիշեցնել, որ իշխանությունն ամեն դեպքում պատկանում է հասարկությանը կամ ժողովրդին և ցանկացած քաղաքական գործընթացում մշտապես առկա է այդ իշխանության իրարկումը՝ անկախ քաղաքական համակարգից ու նրա բնույթից:
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան