Ճիշտ էր Գրիգորիչը՝ ամենուր իրենք են
АналитикаՄի անգամ մի առիթով Գալուստ Գրիգորիչն ասել էր, թե այս երկրում իշխանությունն էլ են իրենք (ՀՀԿ-ականները), ընդդիմությունն էլ: Դե հիմա ո՞նց չընդունես, որ մարդը լիովին ճիշտ էր, մանավանդ Գրիգորիչը պատահական մարդ չէ ՀՀԿ-ում, գիտի, թե ինչ է ասում, ավելի շուտ՝ ինչ ազդակներ է հասցնում: Ու փաստացի այդպես էլ կա՝ այսօր գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը կասկածվում են «իշխանական պրոյեկտ» լինելու մեջ: Մի մասը հնարավոր է, որ իսկապես «պրոյեկտ» է, մյուս մասն էլ՝ կասկածվում է, այսինքն՝ իշխանությունն իր ուզածին հասել է՝ ընդդիմադիրներ կա՛մ չկան, կա՛մ էլ եթե կան՝ իշխանական լինելու մեջ են կասկածվում:
Ընդդիմությանը վերաբերող բոլոր գործառույթները նույնպես իշխանության ձեռքում են, նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպան կրկին ընտրվեց իշխանության ներկայացուցիչը: Զգում եք, չէ՞ «նրբությունը»՝ երկրում Մարդու իրավունքների պաշտպանը իշխանության ներկայացուցիչ է, այն դեպքում, այդ պաշտոնում հնարավոր է պատկերացնել միայն ընդդիմադիր գործիչի: Միգուցե մեր հանճարեղ իշխանությունները դրանով ուզում են ցույց տալ, որ իրենց ու իրենց թիմակիցների կողմից մարդկանց իրավունքների ոտնահարման դեպքեր երբեք չեն լինում և այդ պատճառով ՄԻՊ-ը կարող է լինել իրենցից, որովհետև մարդու իրավունքներ խախտողները միմիայն ոչ իշխանականնե՞րն են ... Հնարավոր է՝ հենց այդպես էլ նրանք մտածում են, բայց փաստացի տպավորությունն այլ է՝ որ ՀՀԿ-ն ուղղակի ուզում է օկուպացնել ընդդիմադիր դաշտը, իր ձեռքն առնել ընդդիմադիրների գործառույթներն էլ, որ ամբողջը լինի միայն իրենցը, լինեն իրենք և իրենք, անհրաժեշտության դեպքում էլ պայքարեն իրենց դեմ, իրենք պաշտպանվեն իրենցից:
Ասում են՝ նոր ՄՒՊ-ը լավ մարդ է: Ավելացնեմ, որ հնարավոր է՝ նույնիսկ շատ լավ մարդ է: Բայց նա իշխանական թիմից է, հետևաբար, եթե իշխանական թիմից մեկը կատարի մարդու իրավունքների խախտում, նոր ՄԻՊԸ չի կարող դրա դեմն առնել, որովհետև չի կարող դուրս գալ իր թիմակցի դեմ: Ու էլի շատ դեպքերում մարդու իրավունքները մեր երկրում կմնան չպաշտպանված: Բայց կարևորը, որ այդտեղ էլ իրենք են՝ ՀՀԿ-ականները: Ամենուր իրենք են:
Նորից չեկա՞նք այն եզրակացության, որ ճիշտ էր Գրիգորիչը:
Անդրանիկ Բարսեղյան
Orer.am, վերլուծաբան