Նախորդ տարի հանրապետությունում բնակելի հատվածներում արձանագրվել է հրդեհի 542 դեպք
Общество2015 թվականին հանրապետությունում բնակելի հատվածներում արձանագրվել է հրդեհի 542 դեպք: Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
«Հրդեհների առաջացման գործում, անշուշտ, մարդկային գործոնը մեծ դեր ունի: Դրա մասին է վկայում բնակելի շենքերում առաջացած հրդեհների քանակը: Ունեցել ենք 542 հրդեհ բնակելի հատվածներում, որոնցից 181-ը՝ բնակելի շենքերում, 361-ը՝ սեփական տներում: Հատկապես արդյունաբերական օբյեկտներում ենք ունեցել հրդեհների աճ: Չոր խոտածածկույթի այրումն էական դեր է խաղացել հրդեհների առաջացման հարցում, ինչն ավելի շատ էկոլոգիական և պետությանը վնաս հասցրեց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հովհաննես Խանգելդյանը:
Նրա խոսքով` 4273 հրդեհ է եղել բուսածածկ տարածքներում:«Այս ցուցանիշը 2,6 անգամ աճել է 2014 թվականի համեմատությամբ: Այստեղ մարդկային գործոնն այնքան նշանակություն չի ունեցել: 2015-ի մայիսից մինչև սեպտեմբեր հանրապետության տարածքում աննախադեպ բարձր ջերմաստիճան է գրանցվել, դա էլ նպաստող գործոն է հանդիսացել»,-շեշտեց նա: