Կառավարությունում քննարկվել են Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող փոփոխությունները
ЭкономикаՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդակցություն՝ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Այսօր մեկնարկում է Հարկային օրենսգրքի մանրամասն քննարկումը կառավարությունում: Անցած տարի բոլոր գերատեսչություններն ունեին հանձնարարական՝ քննարկել օրենսգիրքը համապատասխան ճյուղերի տնտեսվարողների և լայն հանրության հետ՝ հաշվի առնելով հնարավոր ազդեցությունները տնտեսական աճի և բյուջեի մուտքերի վրա, որպեսզի օրենսգրքի վերջնական տարբերակը ներկայացնենք Ազգային ժողով»,- դիմելով ներկաներին՝ ասել է վարչապետը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են ըստ որոշ հարկատեսակների առաջարկվող փոփոխությունները և կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել ոլորտային քննարկումները և սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն ըստ հարկատեսակների առաջարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցության վերաբերյալ: