ՀՀ քաղաքացիների մեծ մասին չի մտահոգում անձնական տվյալների պաշտպանության հարցը
ОбществоՀետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն, հարցված քաղաքացիների 61 տոկոսն ընդհանրապես տեղյակ չէ, որ ինքն իրավունք ունի դիմելու պետական կամ մասնավոր կազմակերպությանը և ստանալու իր մասին պահվող տվյալները: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:
«Դրանից բացի, հարցված քաղաքացիների 46 տոկոսին ընդհանրապես չի մտահոգում այն, որ պետական կամ մասնավոր կազմակերպությունները մշակում, պահում են իրենց մասին անձնական տվյալներ: Սա նշանակում է, որ առաջին հերթին պետք է մեր թիրախում լինեն քաղաքացիները: Նրանց իրազեկվածության մակարդակը բարձրացնել, որ իրենք նույնպես քայլեր ձեռնարկեն, որպեսզի իրենց անձնական տվյալները անօրինական չմշակվեն»,-ասաց Շուշան Դոյդոյանը:
Հարցումները ցույց են տվել, որ խնդիր կա նաև սոցիալական ցանցերի հետ կապված: Մասնավորապես, հարցման մասնակիցների 21 տոկոսը նշել է, որ սոցիալական ցանցերում իր նկարները բաց է էջի յուրաքանչյուր այցելուի համար:
«Ստացվում է նեղ անձնական լուսանկարները մատչելի են բոլորի համար, հետևաբար յուրաքանչյուր անձ կարող է այդ լուսանկարներն օգտագործել ցանկացած այլ նպատակով: Այսինքն` չգիտացված քայլերի պատճառով մեր քաղաքացիներն իրենց չպաշտպանված են դարձնում»,-ավելացրեց Շուշան Դոյդոյանը:
Գործակալության պետի խոսքով, ըստ հարցման արդյունքների, պարզվել է, որ հարցմանը մասնակից քաղաքացիների 62 տոկոսին չի հետաքրքրում թե այս կամ այն կառույցներն ինչպես են իրենց անձնական տվյալներն օգտագործվելու:
«Տարբեր կառույցների հետ գործարքներ ունենալիս տրամադրում ենք մեր անձնագրի պատճեն, տարբեր այլ տվյալներ, վարկ ստանալու համար նույնիսկ հնարավոր է պահանջեն հատուկ պաշտանության տվյալներ: Բայց մեր քաղաքացիներին չի հետաքրքրում այդ տրամադրված տվյալների հետ կառույցն ի՞նչ է անելու, ինչպե՞ս է պահելու: Մենք, իհարկե, նոր ենք սկսել բարձրաձայանել այդ խնդրի մասին, խոսել: Մեր նպատակն է, որ մարդիկ իրազեկված լինեն»,-ասաց Շուշան Դոյդոյանը` ընդգծելով, որ լրագրողների դերն այդ գործում շատ մեծ է: