ՎՊ բացահայտումների հիման վրա գործադիրը փոփոխություններ է կատարում սոցիալական նպաստի համակարգում
ЭкономикаՀՀ կառավարությունն ուժը կորցրած կճանաչի 2016 թվականի հունվարի 14-ի «2016 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանելու մասին» N 5-Ն որոշման 7-րդ կետը, որով նախատեսվում է հանել տնտեսումների հաշվին լրացուցիչ եռամսյակային հրատապ օգնություն տրամադրելու դրույթը, դրանով պայմանավորված` ազատված ֆինանսական միջոցներն ավելի հասցեական օգտագործելու նպատակով:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 18-ի նիստի օրակարգում:
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի մոտ 2016 թվականի փետրվարի 2-ին կայացած խորհրդակցության (ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ Կոտայքի և ՀՀ Արագածոտնի մարզերի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում իրականացված ստուգումների վերաբերյալ) արդյունքում տրված հանձնարարականով:
Նախագծով ակնկալվում է մեծացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա տրվող նպաստների հասցեականությունը:
ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի որոշման մեջ սահմանված է, որ ՀՀ պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը:
Նույն որոշման 7-րդ կետով սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին) թույլատրվում է ՀՀ նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության, ինչպես նաև ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի հասցեականության մեծացմանն ուղղված այլ միջոցների կիրառման հետևանքով ազատված ֆինանսական միջոցներն ուղղել եռամսյակային հրատապ օգնություն տրամադրելուն` ոչ ավելի, քան նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցների 5 տոկոսի չափով:
Փետրվարի 2-ի խորհրդակցության ժամանակ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու բացահայտված խախտումները:
Մասնավորապես, Կոտայքում 9 հազար 912 նպաստառու ընտանիքների գործերից ՎՊ-ն ուսումնասիրել է 6 հազար 753-ը, հայտնաբերել 27 մլն 200 հազար դրամի 230 խախտում: Իսկ Արագածոտնում` ուսումնասիրել 5 հազար 492 նպաստառու ընտանիքի գործ, հայտնաբերվել՝ 78 մլն 500 հազար դրամի 341 խախտում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մարզպետներին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ համապատասխան որոշում կայացնելու համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկել ՍԾՏԳ-ների գործունեությունն առավելագույնս թափանցիկ դարձնելու և խախտումները բացառելու նպատակով: