Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկայացվեցին Հովհաննիսյանի խմբերգերը
КультураՀայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկայացվեցին Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը:
Փետրվարի 16-ին անցկացված համերգային երեկոյին մասնակցեց Երևանի պետական կամերային երգչախումբը:
«Փառատոնը նվիրված է Էդվարդ Միրզոյանին: Իսկ այսօրվա մեր ծրագիրը ներառում է կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը` Տերյանական շարքից հատվածներ և այն ժամանակ հանրահայտ, այսօր`քիչ հայտնի ժողովրդկան երգերի մշակումները: Երգչախումբն առաջին անգամ է մասնակցում փառատոնին: Շատ եմ կարևորում նման փառատոնները.նրանք համախմբում են և' ունկնդիրներին, և' կատարողներին: Անշուշտ, տոն է»,- նշեց Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանը:
Համերգային երեկոյի ընթացքում ներկայացվեցին «Մայր Հայաստան», «Անուշ անուրջով պաճուճիր հոգիս», «Կարծես թե դարձել եմ ես տուն», «Դու հպարտ չես, իմ հայրենիք», «Մի փրկություն կա միայն» խմբերգերը: Այնուհետև Երևանի պետական կամերային երգչախումբը կատարեց Հովհաննիսյանի`ժողովրդական երգերի մշակումները:
Անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի մեկնարկը տրված է: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ հունվարի 15-ին ազդարարեցին փառատոնի բացումը:
Հայաստանյան արդի մշակութային կյանքում 6 տարի շարունակ իր տեղն է գրավում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը: Հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների և ներկայիս ձեռքբերումների պահպանմանն ուղղված ծրագրի կազմակերպիչներն են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Ստեղծման առաջին իսկ օրվանից փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: