Կառավարությունը խթանում է խաղողի օղու արտադրությունը
ЭкономикаՀՀ կառավարությունը հանրապետությունում խաղողի օղիների արտադրությանը խթանելու նպատակով պատրաստվում է փոփոխություններ կատարել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում և Պետական տուրքի մասին օրենքներում և նախագծերի փաթեթը ներկայացնել Ազգային ժողով: Մասնավորապես, փոփոխություններով առաջարկվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով ծանուցման ենթակա Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության իրականացման ծանուցման շարքում լրացնել խաղողի օղու արտադրության գործունեության իրականացումը: Ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով գանձվող տարեկան տուրքի դրույքաչափը հավասարեցնել պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափին:
Համապատասխան նախագծերն ընդգրկված են կառավարության փետրվարի 18-ի նիստի օրակարգում:
Օրենքների նախագծերի ընդունումից ակնկալվում է, որ կբարելավվի և կակտիվանա ոլորտի գործարար միջավայրը, կսկսեն մթերել խաղողի մի շարք սորտեր, որոնք չեն մթերվում գինու և կոնյակի արտադրության նպատակով, գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները հնարավորություն կունենան օղու արտադրության նպատակով թորել գինու արտադրության համար ոչ պիտանի գինենյութը, ինչպես նաև վերամշակել բավականին մեծ ծավալ (շուրջ 25 %) կազմող մնացորդները: Բացի այդ, կապահովվի գինու առանձին տեսակների (աղանդերային, կիսաաղանդերային, խերեսային, պորտվեյն, մադերա և այլն) արտադրության տեխնոլոգիայով ԵՄ և ՌԴ օրենսդրության պահանջները և գինու նշված տեսակներին ցորենի օղու փոխարեն կավելացվի բացառապես խաղողի օղի: Ակնկալվում է, որ կսկսվի նոր արտադրատեսակի՝ խաղողի օղու արտադրություն, որն ունի իրացման, հատկապես արտահանման ծավալային մեծ պոտենցիալ, կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը: