Հայաստանը զբոսաշրջիկների համար ամենամատչելի երկրների ցանկում է
ОбществоՍտացված հաշվետվությունների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների համաձայն, 2015 թ-ին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է շուրջ 1 միլիոն 192 հազար` 1.0 տոկոսով պակաս, քան 2014 թվականին:
Այս մասին ասուլիսում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադարձ կատարելով 2015 թ. զբոսաշրջության աճի և նվազման ցուցանիշներին:
«Մեզ համար շատ կարևոր է աշխատել ռուսական շուկայի ուղղությամբ: Դեպի Հայաստան զբոսաշրջային այցերով Ռուսաստանն առաջինն է, շուրջ 45 տոկոս: ԱՄՆ -ից գրանցվել է 40 տոկոս աճ, իսկ Իրանից Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը աճել է 24 տոկոսով»,- ասաց նա:
Հայաստանը ունի շատ դյուրին մուտքի արտոնագրերի մեխանիզմներ, նաև, զբոսաշրջիկների համար ամենամատչելի երկրների ցանկում է:
Հայ զբոսաշրջիկների ասոցիացիայի նախագահ Լիա Բախշինյանը նշեց, որ զբոսաշրջիկները իրենց այցելությունների ժամանակ հիմնականում Երևանում անցկացնում են երեք օր: Մնացած օրերին նրանք այցելում են Հայաստանի տեսարժան վայրեր:
« Ցանկալի է, որ Երևանում կառուցվեն 2 կամ 3 աստղանի, էկոնոմ կարգի հյուրանոցներ, որոնք կլինեն մատչելի, ինչը խթան կհանդիսանա զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք ապահովել Հայաստան» - հավելեց Լիա Բախշինյանը: