Հարկային բարեփոխումները պետք է ճիշտ նպատակներին ծառայեն
ЭкономикаՀՀ պետական բյուջեի եկամուտները 2015 թ.-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 1 տրիլիոն 147 մլրդ. դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 0,9 տոկոսով (ԱՎԾ): Այստեղ, հարկերը և տուրքերը միասին կազմել են 1 տրիլիոն 67 մլրդ դրամ և ապահովել են պետական բյուջեի եկամուտների 86,9 տոկոսը:
Նշենք, որ նախորդ ժամանակահատվածի համեմատ 2015 թ.-ին նվազել են մի շարք կարևոր հարկատեսակների ծավալները, մասնավորապես ավելացած արժեքի հարկը նվազել է 3,7 տոկոսով, ակցիզային հարկը՝ 3,1 տոկոսով, շրջանառության հարկը՝ 24,2 տոկոսով, պետական տուրքը՝ 17,5 տկոսով, բնական պաշարների օգտագործման վճարները՝ 11,1 տոկոսով: Գրեթե չի փոփոխվել շահութահարկի ծավալները, սակայն աճել են՝ մաքսատուրքի ծավալները՝ 27 տոկոսով և եկամտային հարկը՝ 7,8 տոկոսով: Վերջին երկուսի համատեղ աճն էլ, հիմնականում կարողացել է ծածկել վերը նշված հարկերի և տուրքերի հավաքագրման բացասական ազդեցությունը և ապահովել բյուջեի եկամուտների 0,9 տոկոսը աճը:
Նշված միտումները ցույց են տալիս, որ տնտեսական տարին իսկապես բարդ էր և կարելի է ասել, որ հարկային եկամուտների վրա հիմնականում ազդել են՝ տրանսֆերտների նվազումը, փոխարժեքի փոփոխությունները, մետաղների գների անկումը և հարկային փոփոխությունները: Այսպես, մեր պետական եկամուտների կառուցվածքում, 37 տոկոսով ամենամեծ տեսակարար կշիռը կազմող ԱԱՀ-ի նվազումը, նախևառաջ պայմանավորված է եղել անշուշտ բնակչության գնողունակության անկումով, որն իր հերթին պայմանավորված է եղել տրանսֆերտների կրճատմամբ, ռուսական ռուբլու արժեզրկմամբ, բնակչության թվաքանակի նվազմամբ և այլ գործոններով:
Պետական բյուջեի եկամուտների նվազման վրա ազդել է նաև արտաքին առևտրաշրջանառության ծավալների անկումով պայմանավորված հարկերի և մաքսատուրքերի նվազումը, մասնավորապես ներմուծման ծավալների կրճատումով մաքսատուրքերի ծավալների նվազումը, իսկ արտահանման ծավալների կրճատման վրա մեծ ազդեցություն են ունեցել՝ փոխարժեքի տատանումները, ինչպես նաև մոլիբդենի և պղնձի գների անկումը, սա էլ իր հերթին բերել է այդ ձեռնարկությունների ֆինանսական վիճակի վատթարացմանը: Ցավոք սրտի, համաշխարհային շուկաներում էներգակիրների և պարենամթերքների գների անկումը, ինչ-ինչ պատճառներով էական դրական ազդեցություն չեն ունենում հայկական շուկայում, որի արդյունքում տուժում են թե՛ բիզնեսը, թե՛ սպառողները:
Հարկային բարեփոխումները, որոնք ուղղված էին փոքր և միջին բիզնեսի աշխուժացմանը, նույնպես արտահայտվել է եկամուտների ծավալների վրա: Ինչպես նշեցինք, զգալիորեն նվազել է շրջանառության հարկը՝ 24,2 տոկոսով: Պատահական չէ, որ հարկային օրենսդրությամբ սահմանված արտոնությունների կիրառման հետևանքով հարկային եկամուտների նվազումը տարվա ընթացքում կազմել է շուրջ 18 մլրդ. դրամ: Միաժամանակ, խստացվել է վարչարարությունը խոշոր բիզնեսի նկատմամբ, որի արդյունքում խոշոր բիզնեսից 9 տոկոսով ավել է գանձվել:
Պետական բյուջեի եկամուտները ապահովող վերը նշված հարկերատեսակների և տուրքերի նախորդ տարվա միտումները, պետք է լուրջ ահազանգ լինեն օրենսդիրի, գործադիրի և մյուս պետական գերատեսչությունների համար, քանի որ այս տարի արտաքին բացասական ազդակները նույնպես ուժգին կլինեն: Տնտեսության համար վերջապես բարենպաստ պայմաններ պետք է ստեղծվեն, իսկ բարեփոխումները պետք է ավելի ընդգրկուն լինեն և ճիշտ նպատակներին ծառայեն: