Արմեն Մուրադյանն ուսանողների մասնակցությամբ ուսուցողական վիրահատություն է կատարել
ОбществоՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում փետրվարի 18-ին հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանը պատասխանել է ապագա բժիշկներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
Նախարարն անդրադարձել է նաև մարզերի առողջապահական խնդիրների լուծմանը, մասնավորապես, բժշկական կազմակերպությունների` երիտասարդ որակյալ կադրերով ապահովմանը: Ներկայացնելով մարզային նորակառույց բժշկական հաստատությունները` նախարարը մատնանշել է օրեր առաջ Մեղրիում բացված տարածաշրջանային նշանակության բժշկական կենտրոնը, որը ևս նեղ մասնագետների պակաս ունի:
Նախարարի խոսքով, մասնագիտական գործունեության սկզբում հատկապես մարզում աշխատելը երիտասարդի կյանքում կարևոր հետք է թողնում` ապահովելով կայանալու, հմտությունները զարգացնելու հնարավորություն: Նա հորդորել է ուսանողներին հնարավորության դեպքում համադրել կրթությունն աշխատանքի հետ` վաղ տարիքից կլինիկական գործունեությանը, հիվանդանոցային կյանքին ծանոթանալու նպատակով:
«Բժիշկ լինելը հոգեվիճակ է և աշխատանքից պետք է ունենալ բավարարվածության զգացում»,- նկատել է առողջապահության նախարարը:
Արմեն Մուրադյանն ուսանողների մասնակցությամբ նաև ուսուցողական վիրահատություն է կատարել, ներկայացրել է միզապարկի ուռուցքի էնդոսկոպիկ լազերային վիրահատության նրբությունները: