Խաղողի օղու արտադրությունը խթանող նախագիծը կլուծի նաև խաղողագործների խնդիրը. Հովիկ Աբրահամյան
ЭкономикаՀՀ կառավարությունը հանրապետությունում խաղողի օղիների արտադրությունը խթանելու նպատակով փոփոխություններ կատարեց «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում և նախագծերի փաթեթը ներկայացրեց Ազգային ժողով: Մասնավորապես, փոփոխություններով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանել՝ խաղողի օղու արտադրությամբ զբաղվող ընկերությու նների պետտուրքը տարեկան 15 մլն դրամի դիմաց սահմանել 50 հազար դրամ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունեց այս նախաձեռնությունը և նշեց, որ այն առաջացել է գործարարների հետ հանդիպումների ընթացքում: «Սա նաև կնպաստի խաղողի օղու արտադրության ծավալների մեծացմանը: Կան խաղողի այնպիսի տեսակներ, որոնք պիտանի չեն կոնյակ արտադրելու համար և վերամշակող գործարանների կողմից դրանք չեն ընդունվում, ինչը մեծ խնդիր է հարուցում: Այժմ, եթե մենք տուրքը 15 միլիոնի փոխարեն դարձնում ենք 50 հազար դրամ, ապա մեր կանխատեսումներով, մոտ 20 ընկերություններ այս ոլորտում կավելանան: Այսպիսով կլուծենք նաև մեր խաղողագործների խնդիրները»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Օրենքների նախագծերի ընդունումից ակնկալվում է, որ կբարելավվի և կակտիվանա ոլորտի գործարար միջավայրը, կսկսեն մթերել խաղողի մի շարք սորտեր, որոնք չեն մթերվում գինու և կոնյակի արտադրության նպատակով, գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները հնարավորություն կունենան օղու արտադրության նպատակով թորել գինու արտադրության համար ոչ պիտանի գինենյութը, ինչպես նաև վերամշակել բավականին մեծ ծավալ (շուրջ 25 %) կազմող մնացորդները: Բացի այդ, կապահովվի գինու առանձին տեսակների (աղանդերային, կիսաաղանդերային, խերեսային, պորտվեյն, մադերա և այլն) արտադրության տեխնոլոգիայով ԵՄ և ՌԴ օրենսդրության պահանջները և գինու նշված տեսակներին ցորենի օղու փոխարեն կավելացվի բացառապես խաղողի օղի:
Ակնկալվում է, որ կսկսվի նոր արտադրատեսակի՝ խաղողի օղու արտադրություն, որն ունիիրացման, հատկապես արտահանման ծավալային մեծ պոտենցիալ, կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը: