Հունգարիան ունե՞ր բավարար հիմքեր Սաֆարովին արտահանձնելու համար. մեկնաբանում է Արտակ Զեյնալյանը
Интервью2004թ. փետրվարի 19-ին՝ 12 տարի առաջ, Հայաստանի ԶՈւ զինծառայող Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներ էր անցնում Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ Մարդասպան Սաֆարովին Հունգարիան դատապարտեց ցմահ ազատազրկման, որից 30 տարին՝ առանց համաներման իրավունքի, սակայն 6 տարի անց Հունգարիան արտահանձնեց մարդասպանին Ադրբեջանին, որտեղ էլ վերջինս ազատ արձակվեց եւ հերոսի կոչում ստացավ։
Արդյո՞ք Հունգարիան ուներ բավարար հիմքեր Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու համար եւ արդյո՞ք այդ քայլից հետո արտահանձնող երկիը առհասարակ կարելի է համարել իրավական պետություն:
Այս հարցերի շուրջ Orer.am-ը զրույցել է փաստաբան Արտակ Զեյնալյանի հետ. «Ընդհանրապես արտահանձնումն ինքնին իրավաչափ է, սակայն պետք է իրականացվեր քննություն, հետազոտություն հասկանալու համար, որ նպատակն այլ է, քան այն, ինչ որ դրված է արտահանձնելու հիմքում, եւ դրանից հետո Ռամիլ Սաֆարովին չէին արտահանձնի: Հիմնվելով այս ամենի վրա՝ կարող ենք արդյո՞ք ասել, թե Հունգարիան իրավունքի հետ առնչություն չունեցող երկիր է, դժվար է ասել, քանի որ բոլոր պետություններում էլ իրավունքներ խախտվում են: Հնարավոր չէ գործունեություն իրականացնել ու սխալներ թույլ չտալ: Պարզապես անհնար է գործել ու չսխալվել, սակայն թյուրիմացության կամ սխալմունքի տակ չպետք է լինի նպատակային ու քողարկված հանցագորություն: Մենք կտեսնենք, թե այս ամենի հետ կապված ինչ վճիռ կկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»,- ասաց փաստաբանը՝ հավելելով,- «Կարծում եմ, որ Հայաստանը շատ ավելի հեռու է իրավունքից, քան Հունգարիան, ուստի մենք չենք կարող մեզ թույլ տալ նման ատրահայտություն՝ ասելով, որ նա իրավունքից հեռու պետություն է»:
Ըստ Զեյնալյանի՝ իրավական ոլորտում Հայաստանը շատ ավելի լրջագույն բացթողումներ է ունեցել. «Հիշենք Խալաֆյանի, Մարտի 1-ի, Չարենցավանի դպրոցում երեխային ծեծելու հետեւանքով մահանալու գործերը: Այս բոլոր դեպքերում Հայաստանում արդյունավետ քննություն չի իրականացվել: Իրականում Հայաստանն այնպիսի կիքսեր է թույլ տալիս... Վերցնենք ՄԻԵԴ-ի Հայաստանի դեմ կայացված վճիռները, այնտեղ մեր երկրի մասին չափազանց շատ բաներ կան գրված»,- ասաց փաստաբանը:
Սոսե Չանդոյան