Գնել Սարգսյանը՝ Հայաստան վերադառնալու և «Կենտրոն» Հ/Ը տնօրեն Էդգար Ավագյանի մասին
КультураԴերասան Գնել Սարգսյանն այն եզակի դերասաններից է, ով չնայած բավականին հաջողված դերասան էր համարվում, բայց տարիներ առաջ նեղացավ բոլորից ու Հայաստանից մեկնեց Ռուսաստան: Սակայն նա արդեն մի քանի ամիս է, ինչ նկարահանվում է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակավող «Երանի» հեռուստասերիալում:
Orer.am-ը փորձեց դերասանից պարզել, թե արդյո՞ք սերիալում նկարահանվելն է պատճառ դարձել, որ դերասանը հայրենիք վերադառնա, թե՞ դա երջանիկ պատահականության արդյունք է:
-Գնել, եթե Հայաստան վերադառնալու պատճառը «Երանի» սերիալում նկարահանվելն է, ապա կարո՞ղ ենք ասել, որ սերիալը խթանեց ձեր հայրենադարձությանը:
- Չէի ասի (ծիծաղում է- Ա.Գ»)… Չէ դա չի պատճառը եղել: Նախ՝ հայրենադարձություն բառը ես այս դեպքում չեմ հասկանում: Ես ինքս եմ շատ ուրախացել, որ բոլորը շատ ջերմ ընդունել են ինձ, բայց Հայաստանից իմ մեկնելու երևույթին չեմ ուզում որակել որպես «արտագաղթել», «երկրից մեկնել», քանի որ Ռուսաստանը մեր քաղաքական դաշնակիցն է: Այնպես որ՝ ես շատ հեռու չէի գտնվում: Եվ երկրորդ՝ կարծում եմ դերասանի համար նաև հարկավոր է նման դադարը: Իհարկե՝ բարկացած էի գնացել, և դա գաղտնիք չէ: Ես այն ժամանակ էլ եմ այդ մասին ասել, բայց հետ վերադարձա Հայաստան ու, փառք Աստծո, սերիալից հրավեր եղավ: Շատերին թվում է, թե ես հրավերքով եմ եկել, բայց ես նույնիսկ Ռուսաստանում եղածս ժամանակ տված հարցազրույցների ժամանակ ասում էի, որ եթե Հայաստանում հրավեր լինի, ես անպայման կգամ: Ամեն դեպքում՝ ես եկա, որպեսզի ձմեռն այստեղ անցկացնեմ, բայց հետո այս առաջարկը եղավ ու ես համաձայնվեցի, քանի որ վաղուց չէի նկարահանվել հեռուստասերիալում: Ես էլ էի կարոտել այդ ամենին:
-Ո՞ւմ կողմից ստացաք հրավերը:
- Հրավիրողը Էդգար Ավագյանն էր: Մեր հարաբերությունները բավականին լավ են, և ես էլ իմ հերթին շատ եմ վստահում նրան: Մենք «Արմենիա» TV–ում էլ ենք իրար հետ աշխատել: Ես էլ ներքուստ շատ ուրախացա, որ առայժմ կա այդ հնարավորությունը:
-Իսկ տեղյա՞կ եք Էդգար Ավագյանի մասին վերջին հրապարակումներին:
- Տեղյակ եմ, բայց՝ մասամբ, քանի որ ես չեմ սիրում տհաճ տեղեկություններ կարդալ: Այնպես որ՝ շատ չեմ խորացել այդ տհաճ խոսակցությունների մեջ: Բայց արդյո՞ք այդ մարդիկ աշխատել են նրա հետ, որ նման կարծիք ունենան: Եթե մարդ կա, որ Էդգար Ավագյանի հետ աշխատել է ու նրա մասին վատ կարծիք ունի, ապա դա նրանց ներքին հարաբերություններն են: Ես ինքս էլ «Շանթ» հեռուստաընկերությունում աշխատել եմ և ունեցել եմ խնդիրներ, բայց ես երբեք հեռուստաըկերության կամ տնօրինության մասին վատ բան չեմ ասել: Կոնկրետ մարդու մասին եմ ասել, կամ՝ կոնկրետ պրոցոսների: Ինչ վերաբերում է վերջին հրապարակումներին՝ ասեմ, որ ես դրանց հետ խիստ համամիտ չեմ: Ամեն դեպքում՝ հարգելով որոշ մարդկանց փորձը՝ կարծում եմ, որ չի կարելի նման ձևով արտահայտվել, առավել ևս՝ եթե չեն ճանաչում նրան:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն է նշանակվել Էդգար Ավագյանը, ում կողմից իրականացված որոշ փոփոխություններ միանշանակ չեն ընդունվել նախկին աշխատակիցների կողմից, որն էլ դարձել է տարբեր մեկնաբանությունների պատճառ:
Ա. Գրիգորյան