Վահան Խաչատրյանը, Արամ Նիկոլյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ այլք` «Տերյան» կենտրոնի նոր հավաքածուի ցուցադրությանը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Երեկ` փետրվարի 19-ին, Մեգերյան կարպետում կայացավ «Տերյան» մշակութային կենտրոնի՝ «Անցյալի ապագան» խորագիրը կրող հայկական գորգի զարդանախշերով հագուստի հավաքածուի առաջին ցուցադրությունը: Հագուստները ներկայացրեցին հայտնի մոդելներ Լիլիթ Մարտիրոսյանը, Աննա Դեմիրխանյանն ու այլք, իսկ հավաքածուի հեղինակը դիզայներ Լիլիթ Մելիքյանն է: Զգեստների մեջ նկատելի էին ազգային հագուստի էլեմենտները, սակայն ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Տերյան» մշակութային կենտրոնի PR մենեջեր Անի Մարգարյանը` ներկայացված հագուստ տարազ չէ.

«Այստեղ ոչ մի բան չեք տեսնի տարազից: Կտորները նորաձեւ են, գունային համադրությունները կտեսնեք նաեւ համաշխարհային դիզայներների մոտ: Նորարարություն է գորգի կիրառումը»:
Նախագծի հեղինակները փորձել են վերամատուցել հայկական գորգը հագուստի տեսքով.
«Բոլոր ձեւվածքներն արդիական են: Համոզված կարող եմ ասել, որ սա նախադեպը չունեցող հավաքածու է, որովհետեւ մենք ուսումնասիրել ենք ամբողջ դաշտը: Հայկական գորգն այս մասշտաբով դեռեւս չի կիրառվել հագուստի մեջ»,-ասում է Անին:

Հարկ է նշել որ ցուցադրությանը ներկա էին մի շարք հայտնի հյուրեր` դիզայներներ Վահան Խաչատրյանը, Արամ Նիկոլյանը, Գեւորգ Շադոյանը, նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
Ցուցադրության մանրանասներն ու ետնաբեմը` NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:
Սյունե Առաքելյան


































