Այսօր արդեն օմբուդսմենի հեղինակությունն ու դիրքը շատ ենք կարեւորում. Կարինե Աճեմյան
ПолитикаԱյս շաբաթ ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների պատգամավորների հետ՝ ներկայացնելով իր մոտեցումները մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի վերաբերյալ:
Orer.am-ի հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցոթյան պատգամավոր Կարինե Աճեմյանն այս առնչությամբ նշեց. «Փոխնախարարը միակ թեկնածուն է, ով Ազգային ժողովում պետք է ներկայացնի իր դիրքորոշումները, օմբուդսմենի մասին իր տեսլականը, իսկ մենք էլ պետք է քվեարկենք: Հանդիպման ժամանակ բազմաթիվ պատգամավորներ իրենց հուզող հարցերն ուղղեցին Արման Թաթոյանին: Նրանցից բոլորը ստացան սպառիչ պատասխաններ: Կարծում եմ՝ Ազգային Ժողովի լիագումար նիստին շատ հարցեր կհնչեն նաեւ ընդդիմադիր պատգամավորների կողմից»,- ասաց պատգամավորը՝ կարեւորելով Ա. Թաթոյանի անցած ճանապարհը:
«Այն, որ Արման Թաթոյանն արդարադատության փոխնախարար է եւ մեծ փորձ ունի ոլորտում, արդեն իսկ մեծ բան է: Պետք չէ մոռանալ, որ ՄԻՊ-ի թեկնածուն աշխատել է առաջին եւ երկրորդ օմբուդսմենների գրասենյակում, այսինքն՝ նրա համար այս ինստիտուտը նորություն չէ եւ դրա կայացման ճանապարհին ինքն իր դերակատարությունն ունեցել է: Իմ կողմից նշված այս հանգամանքը շատ եմ կարեւորում, քանի որ տարիների ընթացքում փոխվել է երկիրը, փոխվել է մեր վերաբերմունքը այդ կառույցի հանդեպ: Այսօր արդեն օմբուդսմենի հեղինակությունն ու դիրքը շատ ենք կարեւորում: Կարծում եմ, որ մեր թեկնածուն կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները եւ կկարողանա կառույցը ճիշտ ղեկավարել»,- եզրափակեց պատգամավորը:
Սոսե Չանդոյան