Օրեր առաջ Տավուշի մարզի Հաղարծին, Թեղուտ, Գոշ համայնքների մի քանի հարյուր բնակիչներ փակել էին միջպետական ճանապարհը` պահանջելով, որպեսզի Դիլիջանի Ազգային պարկում ծառահատումներ իրականացնելու թույլտվություն ստանան: Գյուղացիներին մտահոգում է ձմեռվա վառելիքի հայթայթման հարցը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Orer.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գյուղացիների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել. « Թեղուտի գյուղապետը նախևառաջ սոցիալապես անապահով ընտանքիների ցուցակ է ներկայացնելու, որոնց պահանջը բավարարվելու է, իսկ դրանից հետո եթե վառելափայտ ձեռք բերելու ցանկություն հայտնողներ լինեն, ապա սահմանված կարգով պետք է դիմեն Դիլիջանի Ազգային պարկի տնօրինությանը: Այդ դեպքում մարդիկ համապատասխան զեղչված գումարներով ձեռք կբերեն ձմեռվա համար անհրաժեշտ վառելափայտը»: