ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տարբերանշանի և հուշամեդալի մրցույթ կհայտարարվի
ОбществоԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ փետրվարի 22-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, Աշոտ Ղուլյանը խորհրդանշական է համարել հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի մասին 1991թ. սեպտեմբերի 2-ի պատմական նստաշրջանի նույն դահլիճում ազդարարելը, որը պետք է ոգևորություն հաղորդի հանձնաժողովի անդամներին:
Օրակարգում Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումների ծրագրի պլանավորումն է եղել, որի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:
Համանախագահների խոսքով, ծրագիրը պետք է կազմվի հետևելով մի քանի սկզբունքների. միջոցառումները պետք է շարունակվեն ողջ տարվա ընթացքում, ընդգրկեն տարբեր ոլորտներ, նպաստեն Արցախի միջազգային վարկանիշի բարձրացմանը, ինչպես նաև հայկական սփյուռքի ներգրավվածությանը:
Հանձնաժողովի անդամների առաջարկությունների հաշվառմամբ որոշվել է, որ կհայտարարվի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տարբերանշանի (լոգոյի) և հուշամեդալի մրցույթ, կպատարաստվեն հեռուստատեսային հոլովակներ, տպագիր նյութեր, կկազմակերպվեն թեմատիկ քննարկումներ: Ընդգծվել է նաև այդ միջոցառումներին 1991թ-ի սեպտեմբերի 2-ի համատեղ նստաշրջանի պատգամավորներին մասնակից դարձնելու կարևորությունը:
Նիստի ավարտին ներկաներին առաջարկվել է մեկշաբաթյա ժամկետում կազմել 25-ամյակի միջոցառումների ոլորտային ծրագրեր և ներկայացնել առաջիկա հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի սկզբին: