Հայաստանաբնակ անապահով ընտանիքներին հանձնվեց Հոլանդիայից Հայաստան բերված օգնությունը
ОбществоՓետրվարի 20-ին մանկական սրճարաններից մեկում տեղի ունեցավ հոլանդահայ նորաստեղծ «Բրայթ Ֆյուչր» կամավորական խմբի կողմից կազմակերպված Հոլանդիա- Հայաստան բարեգործական ակցիան՝ նվիրված հայաստանաբնակ անապահով ընտանիքների երեխաներին:
Orer.am-ի հետ զրույցի ժամանակ խմբի հիմնադիր-ղեկավար Մարիամ Կիրակոսյանը նշեց, որ ակցիայի նպատակը մեկն է՝ օգնել Հայաստանում ծանր սոցիալական պայմաններում ապրող ընտանիքներին. «Հոլանդիայում բնակվող հայեր, ինչպես նաեւ Եվրոպայում բնակվող բազմաթիվ այլազգիներ, տեղեկանալով այս բարեգործական ակցիայի մասին, մեծ ոգեւորությամբ պատրաստակամություն հայտնեցին օգնել մեզ: Օգնությունը եղել է մանկական հագուստի եւ խաղալիքների տեսքով: Հարկ է նշել, որ ակցիային մասնակցել են հայաստանաբնակ մի շարք ընտանիքներ:
«Անկեղծ ասած, բարեգործ մարդկանց սրտացավությունը դեպի հայ փոքրիկները բավական ոգեւորիչ էր եւ շատ կարեւոր ինձ համար: Հուսամ՝ հետագայում մեզ աջակցություն ցուցաբերողների թիվը կավելանա, եւ մենք կկարողանանք օգնել ավելի մեծ թվով անապահով ընտանիքների՝ բնակվող Հայաստանի հեռավոր գյուղերում: Սա մեր բարեկործական առաջին ակցիան էր, եւ ես վստահ կարող եմ ասել, որ այն ունեցավ լավ մեկնարկ: Բարեգործական հայ-հոլանդական այս միջոցառման ընթացքում նկարահանվել է մինի-ֆիլմ, որը շուտով հասանելի կլինի Հայաստանի և Հոլանդիայի օնլայն հարթակներում»,- ասաց Մարիամ Կիրակոսյանը՝ հավելելով, որ հայ մանուկներին ժպիտ պարգեւելն իրականում այդքան էլ դժվար չէ,- «Այսօր մենք ականատես եղանք, թե ինչպես ընկճված ու տխուր դեմքով փոքրիկները կարճ ժամանակում վերափոխվեցին, ակտիվացան, խաղացին, պարեցին ու ուրախացան։ Մեծ երջանկություն է նրանց աչքերում կրկին տեսնել սոցիալական խնդիրների պատճառով խավարած փայլը, որը վերականգնելու համար այնքան էլ շատ բան անհրաժեշտ չէ»:
Իրոք որ, մանկական սրճարանում իրական տոն էր՝ ատրակցիոններ, երգ ու երաժշտություն, մեկը մյուսից հետաքրքիր ու լավ մանկական խաղեր եւ, իհարկե, հյուրասիրություն ու նվերներ։ Էլ ի՞նչ է հարկավոր փոքրիկներին լիարժք ուրախանալու համար: Անապահով ընտանիքների շուրջ 50 անչափահաս երեխա՝ խաղավար Լուսինե Փիլոյանիի անկրկնելի շոու-ծրագրի շնորհիվ, պարելուց, երգելուց և տարբեր հետաքրքիր խաղերին մասնակցելուց բացի, հնարավորություն են ունեցել անվճար օգտվել սրճարանում տեղակայված բոլոր մանկական նորաոճ եւ գերժամանակակից ատրակցիոններից։ Իր գեղեցիկ կատարումներով երեխանրին է ուրախացրել նաեւ երիտասարդ երգչուհի Քրիստինա Սահակյանը։ Միջոցառման ավարտին հայաստանաբնակ 28 անապահով ընտանիքի հանձնվել է Հոլանդիայից Հայաստան բերված օգնությունը:
Հարկ է նաև նշել, որ բարեգործական ակցիան իրականացնելու նպատակով «Բրայթ Ֆյուչր»-ի երիտասարդ կամավորներն ավելի քան 2 ամիս Հոլանդիայից և Հայաստանից իրականացրել են կազմակերպչական տարաբնույթ աշխատանքներ, փնտրել աջակցություն՝ հավաքված մեծ քանակությամբ բարեգործական օգնության հնարավոր մասը Հայաստան տեղափոխելու նպատակով։
Սոսե Չանդոյան