Նիկոլ Փաշինյանը կողմ կքվեարկի ՄԻՊ-ի պաշտոնում Արման Թաթոյանի թեկնածությանը
ОбществоԱզգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմ կքվեարկի Արման Թաթոյանի թեկնածությանը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:
Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնեց Ազգային ժողովում ՄԻՊ-ի ընտրության քննարկման ընթացքում:
«Ես նախնական որոշում ունեի, իսկ այսօր արդեն վերջնական որոշել եմ, որ կողմ եմ քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը: Սա ձեզ հայտնի և հասկանալի պատճառներով ինձ համար շատ դժվար որոշում է»,- նշեց Փաշինյանը:
Պատգամավորը հավելեց, որ Արման Թաթոյանի թեկնածությանը կողմ քվեարկելն այնքան էլ կապ չունի նրա անձի հետ, քանի որ անձնապես նրա հետ այդքան շփում չի ունեցել:
«Ես սա ավելի շատ վստահության քվե եմ համարում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին: Ես ցանկանում եմ այս ներդրումը ունենալ այդ ինստիտուտի կայացման գործում: Եթե Արման Թաթոյանը իր գործունեության ընթացքում կունենա իմ աջակցության կարիքը՝ Հայաստանի ժողովրդի պատկերացումներին համապատասխան մարդու իրավունքների պաշտպան դառնալու հարցում, նա կարող է երաշխավորված համարե լ իմ աջակցությունը:
Եթե նա ձախողի այդ գործը, ես էլի մտահոգվելու առիթ չեմ ունենա, որովհետև կիմանամ, որ գոնե արել եմ ամեն ինչ, որ այդպիսի բան տեղի չունենա»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա իր որոշումը հիմնավորեց նաև այն հանգամանքով, որ Հայաստանում իշխանության միջին օղակներում կան գրագետ ու պատրաստված պաշտոնյաներ, ովքեր կարող են գործել հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերի: