ԲՀԿ-ն ՄԻՊ-ի ընտրությանը կմասնակցի ազատ քվեարկության սկզբունքով
ОбществоԱզգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցությունը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանի թեկնածությանը կքվեարկի ազատ: Այս մասին Ազգային ժողովում ՄԻՊ-ի ընտրության քննարկման ընթացքում հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Բարգավաճ Հայաստան խմբակցությունն այս հարցը բավականին բուռն քննարկումների առարկա է դարձել: Խմբակցության մի մասն այն տեսակետին է եղել, որ հարկավոր է հնարավորություն տալ Արման Թաթոյանին, մի մասն էլ այլ դիրքորոշում է ունեցել: Բարգավաճ Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանի թեկնածությանը կքվեարկի ազատ: Խմբակցության անդամ յուրաքանչյուր պատգամավոր հնարավորություն կունենա քվեարկել իր խղճի մտոք»,- նշեց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց նաև իր անձնական դիրքորոշումը: Նա նշեց, որ չի հավատում, որ Արման Թաթոյանը կկարողանա գործիիք չդառնալ թե ընդդիմության, թե իշխանության ձեռքում:
«Ես չեմ հավատում, որ դուք կկարողանաք դիմակայել իշխանության և ընդդիմության ճնշումներին և գերի կամ պատանդ չդառնալ նրանց ձեռքերում: Եթե դուք կարողանաք կոտրել այս կարծրատիպը և ձեզ հաջողվի անաչառ աշխատել, ես կլինեմ առաջին մարդը, ով կկանգնի ձեր կողքին:
Սակայն այս պահին ես չեմ կարող կողմ քվեարկել ձեր թեկնածությանը, որովհետև ես երաշխիքներ չունեմ, քանի որ նախորդ երեք փո րձերը ինձ չեն համոզել, որ մեզ մոտ կա այն քաղաքական մշակույթը, որը մեզ թույլ կտա կայացնել այս ինստիտուտը: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում, սակայն կարծում եմ, որ այս պահին իմ դիրքորոշումն ավելի ազնիվ է, ավելի ճիշտ է, քան այն դիրքորշումը, որ դուք ամեն ինչ հաջողելու եք: Տա Աստված, որ հաջողեք»,- եզրափակեց Զոհրաբյանը:
Մինչ այդ ելույթ էր ունեցել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, ով հայտնել էր, որ կողմ է քվեարկելու մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանի թեկնածությանը: Նա հայտարարել էր, որ հարկավոր է հնարավորություն տալ Արման Թաթոյանին ցույց տալ իր ունակությունները: