ԵՏՄ-ի ներսում ռուբլով վճարումների ծավալը 70 տոկոսի է հասել
ЭкономикаՌուբլին ամրապնդում է իր դիրքերը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների փոխադարձ առեւտրի մեջ, ԵԱՏՄ-ի ներսում վճարումների արդեն 70 տոկոսը ռուբլով է իրականացվում:
Այդ մասին հայտնել է Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) ղեկավար Դմիտրի Պանկինը «Իզվեստիային» տված հարցազրույցում:
«Այսպես, չորս տարվա ընթացքում վճարումների տեսակարար կշիռն աճել է 20 տոկոսով: Ահա վերջին տվյալները. Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի փոխադարձ հաշվարկներում ռուսական ռուբլով վճարումների մասնաբաժինը 69,6 տոկոս է կազմել, բելառուսական ռուբլով վճարումներինը` 0,4 տոկոս, տենգեով` 0,5 տոկոս, ԱՄՆ դոլարով` 23,8 տոկոս, եվրոյով` 5,3 տոկոս, այլ տարադրամներով` 0,3 տոկոս: Այսինքն, չնայած դժվարություններին, ռուբլին չի զիջում իր դիրքերը», - նշել է Պանկինը:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ում միասնական տարադրամի ի հայտ գալուն, «առայժմ միասնական տարադրամ մտցնելու շտապ անհրաժեշտություն չեմ տեսնում», սակայն անհրաժեշտ է կոորդինացնել տնտեսական եւ տարադրամային քաղաքականությունը: Ռուսաստանը տալիս է ԵՏՄ-ի ՀՆԱ ավելի քան 80 տոկոսը, այդ պատճառով որեւէ այլ տարադրամի ներմուծումը ավելորդ միջոց է, որովհետեւ ԵՏՄ-ի անդամ երկրների միջեւ հաշվարկների հիմնական մասը ռուբլով է իրականացվում:
Այսօր խոսք չկա Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ միասնական շուկայի ստեղծման մասին: «Բայց երկարաժամկետ հեռանկարում հարցը կարող է հայտնվել օրակարգում: Փորձագիտական մակարդակում անհրաժեշտ է այն նախապատրաստել արդեն այսօր, որպեսզի հետո պետական մարմինների, բանակցողների համար ավելի հեշտ լինի շարժվելը», - նկատել է Պանկինը: