Վարդենյաց լեռնացքում ճանապարհաշինարարները ձյան կապանքներից դուրս են բերել 4 ավտոմեքենա
ОбществоՄարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Վարդենյաց լեռնանցքի մոտ 20 մետր երկարությամբ ճանապարհահատվածն անանցանելի էր դարձել փետրվարի 20-22-ին արձանագրված ձնաբքերի հետևանքով: Ճանապարհահատվածի մաքրման եւ մշակման աշխատանքները ճանապարհաշինարարներն սկսել են դեռևս փետրվարի 20-ի առավոտյան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանը, ճանապարհը ձյան շերտից մաքրելու արդյունքում ձյան կապանքներից դուրս է բերվել նախորդ օրն արգելափակված 4 ավտոմեքենա, որոնց ուղեւորները նախօրոք դուրս էին բերվել փրկարարների օգնությամբ:
«Ձյան կապանքներում մնացել է ընդամենը մեկ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որը նույնպես շուտով դուրս կբերվի արգելափակումից: Ձնաբուքը ճանապարհը փակել է մոտ 1 մետր բարձրության ձյան շերտով, որի մաքրման համար այժմ գործի ենք դրել 3 միավոր տեխնիկա»,-նշեց Աղասի Ղուկասյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի հավաստմամբ` մարզի մյուս ճանապարհները բաց են եւ երթեւեկելի: Բարձր ջերմաստիճանով պայմանավորված` ճանապարհները հիմնականում մաքրվել են մերկասառույցից:
Խոսրով Խլղաթյան