Գարուն է գալիս. ինչպես թարմ ու առողջ տեսք ունենալ. Photo
LifestyleWnews.am-ը գրում է.
Ձմեռն արդեն ավարտին է մոտենում. ընդամենը մի քանի օր ու բոլորիս կողմից սիրված գարունն է. տարվա լուսավոր ու ջերմ շրջանը։
Եթե ցանկանում եք գարնանն ընդառաջ ունենալ թարմ ու առողջ տեսք, հետեւեք Wnews.am-ի խորհուրդներին.
1. Գիշերային կրեմների հարցում պահպանեք չափի սահմանը։ Աստիճանաբար ծանր եւ հագեցած կրեմները փոխարինեք թեթեւ պարունակությամբ կրեմ-գելերով։ Կրեմը քսեք քնելուց մեկ ժամ առաջ, որպեսզի խուսափեք առավոտյան ուռած դեմք ունենալուց։
2. Ձմեռը հարբուխի շրջան է։ Քթի շրջանում կարմրություններն ու ճաքճքվածությունը պետք է թաքցնել կորեկտորի միջոցով։
3. Հաճախ սթրեսն ու հոգնածությունը մաշկի բորբոքումների պատճառ են հանդիսանում։ Հետեւեք սննդակարգին, խուսափեք ճարպոտ սննդամթերքից եւ հիշեք, որ ձեր արտաքին տեսքը մեծ մասամբ պայմանավորված է օրգանիզմի ներքին վիճակով։
4. Ձմռանը շատերս երկար ժամանակ ենք անցկացնում տանը համակարգչի կամ հեռուստացույցի առջեւ, ուստի աչքերն ավելի հոգնած տեսք ունեն։ Աչքերի կարմրությունից ու մուգ շրջանակներից կարելի է ազատվել թեյի միջոցով, ինչպես նաեւ աչքերի մուգ շրջանակներն արագ անցկացնում է քերած կարտոֆիլը։
5. Իհարկե գունային համարձակ փորձարկումները հետաքրքիր է, սակայն եթե առավոտյան դուք ձեզ ջարդված եք զգում եւ առողջ տեսք չունեք, դիմահարդարման մեջ օգտագործվող որոշ երանգներ կարող են ուժեղացնել այդ տպավորությունը։ Օրինակ. վարդագույն-մանուշակագույն երանգի ստվերաներկերը կուժեղացնեն աչքերի կարմրությունը, իսկ «կեղտոտ» երանգները (մուգ շագանակագույն կամ մոխրագույն) կավելացնեն դեմքի հոգնածությունը։
6. Գրավիչ եւ խորաթափանց հայացքը արտաքնին թարմություն է հաղորդում, իսկ նման հայացք ստանալու համար պարտադիր պետք է ունենալ երկար ու խիտ թարթիչներ։ Թարթիչները ներկեք թարթչաներկով, բայց մի մոռացեք չափի զգացողության մասին։
7. Ծիրանագույն սնգույրը յուրաքանչյուր հոգնած արտաքինին կարող է թարմություն հաղորդել։
8. Թարմ արտաքինը միշտ ասոցացվում է մաշկի թարմ գույնի հետ։ Սփրթնած երանգի տոնային կրեմները փոխարինեք ավելի առողջ տոների հետ. ընտրեք մի փոքր մուգ երանգի տոնային կրեմ, սակայն մի մոռացեք, որ վզի եւ դեմքի գույնը չպետք է տարբերվի։
9. Վառ շրթներկը շեղում է հոգնած աչքերից ուշադրությունը։ Կարող եք ընտրել վարդագույն, կարմիր, հատապտղային երանգներ։ Ընտրեք շրթներկներ փափկեցնող հատկությամբ։
Եվ ամենակարեւորը` գարնանը պետք է պատրաստվել վառ տրամադրությամբ եւ ներքին ներդաշնակությամբ. չէ՞ որ այդ ամենն արտացոլվում է ձեր արտաքինում։


