Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվեց «Հայկական ռոմանսի գանձարանից» խորագրով համերգ
КультураԿոմիտասի թանգարան-ինստիտուտում փետրվարի 23-ին անցկացվեց «Հայկական ռոմանսի գանձարանից» խորագրով համերգ: Երեկոյին իրենց կատարումներով հանդես եկան Նարինե Անանիկյանը (մեցո-սոպրանո), Դիանա Հարությունյանը (սոպրանո), Մարգարիտ Սարգսյանը (դաշնամուր):
«Համերգը կազմակերպել առաջարկեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սարինա Ավթանդիլյանը, սիրով համաձայնեցինք: Առաջարկեց մի շարք հայկական ստեղծագործություններ, և ընտրեցինք այդ գործերից: Մարգարիտ Սարգսյանի հետ արդեն ելույթ ունեցել ենք թանգարանում»,- նշեց մեցո-սոպրանո Նարինե Անանիկյանը:
Ծրագրում հնչեցին Վլադիլեն Բալյանի «Գարունը անտառում», Ռոմանոս Մելիքյանի «Աշնան տողեր» ստեղծագործությունները և Հարո Ստեփանյանի հինգ երգերը` Հովհաննես Շիրազի խոսքերով:
«Չինական մի հին պատմություն կա: Չինացի թագավորը ծանր հիվանդանում է, հավաքում իր մերձավորներին, հարցնում` ի՞նչ կարելի է անել, որ փրկվեմ: Ասում են` հեռու-հեռու մի սոխակ կա, եթե երգի, կբուժվեք: Սոխակը գալիս է, երգում, այդ մարդն առողջանում է, ասում է` ի՞նչ տամ քեզ: Սոխակն ասում է, որ արցունքը երգչի համար ամենաթանկ նվերն է»,-համերգից հետո նշեց միջոցառման ունկնդիր, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը` դրվատելով «Հայկական ռոմանսի գանձարանից» երեկոյի մասնակիցներին: