Գեղեցկության դաս. ինչպես պայքարել ճյուղավորված վարսերի դեմ. Photo
LifestyleWnews.am-ը գրում է.
Ճյուղավորված ծայրերը գեղեցիկ վարսերի թշնամին են։ Մազերի վնասված ծայրերը դանդաղեցնում են դրանց աճը կամ ընդհանրապես կանգնեցնում այն։ Եկեք խոսոտավանենք, որ երկար մազերը գեղեցկացնում ու ճոխացնում են կնոջ արտաքինը, սակայն կարեւոր է, որ դրանք առողջ տեսք ունենան։
Wnews.am-ն առաջարկում է հինգ խորհուրդ, որոնք կօգնեն կանխել ճյուղավորումը եւ առողջ վարսեր ունենալ։
1. Անհրաժեշտ է կտրել վարսերը.
Եթե ձեր վարսերի ծայրերը սկսել են չորանալ, անպայման պետք է կտրել դրանք։ Պետք չէ ափսոսալ մի քանի սանտիմետրը։ Կտրելով վարսերը` պետք է հիշել, որ ազատվում եք աղբից, որը փչացնում է վարսերի տեսքը եւ խոչընդոտում արագ աճին։ Որքան երկար եք հետաձգում վարսերը կտրելը, այնքան դրանք արագ են կազմաքանդվում, ինչը նշանակում է, որ հետագայում ստիպված կլինեք ավելի շատ սանտիմետրերից ազատվել։ Վարսերի ծայրերն անհրաժեշտ է կտրել նվազագույնը երկու ամիսը մեկ անգամ։
2. Ներկել միայն արմատները.
Գաղտնիք չէ, որ մազերի ներկը վատ ազդեցություն է ունենում դրանց վրա։ Եթե դուք առաջին անգամ չեք ներկում վարսերը, ապա աշխատեք որքան հնարավոր է հազվադեպ ներկել ծայրերը։ Ներկը քսեք միայն արմատներին, իսկ եթե ցանկանում եք թարմացնել գույնն ու ավելի ինտենսիվ ու վառ դարձնել, օգտագործեք գունային շամպուններ կամ բալզամներ։ Դրանք չեն պարունակում ամիակ եւ նպաստում են վարսերի վիճակի լավացմանը։
3. Ճիշտ ընտրեք վարսերի խնամքի միջոցները.
Շամպունների եւ բալզամների ընտրության հարցում անպայման հաշվի առեք վարսերի ձեր տիպն ու դրանց առանձնահատկությունները։ Չոր վարսերի դեպքում պետք չէ օգտագործել յուղոտ վարսերի համար նախատեսված շամպուն։ Եթե ցանկանում եք պայքարել վարսերի ճյուղավորման դեմ, անպայման բալզամ օգտագործեք։
4.Վիտամինային կոմպլեքս.
Վիտամինները գեղեցիկ վարսերի հիմքն են։ Հաճախ օրգանիզմում օգտակար բաղադրիչների պակասը բերում է վարսերի ճյուղավորման։ Այս դեպքում պետք է վերանայել սննդակարգը եւ օգտագործել մթերքներ, որոնք պարունակում են վարսերին օգտակար վիտամիններ։ Սակայն նրանք, ովքեր պատրաստ չեն դիմել այս մեթոդին, կարող են դեղատնից ձեռք բերել վիտամինային հաբեր։ Պետք է նկատել, որ բացի ներքին օգտագործման վիտամիններից, գոյություն ունեն վիտամինային ամպուլաներ, որոնք կարելի է ավելացնել վարսերի համար նախատեսված դիմակներում։ Վարսերի համար ամենակարեւորը А, Е, С եւ В խմբին պատկանող վիտամիններն են։
5.Օգտագործեք դիմակներ.
Դիմակները, որոնք պատրաստվում են բնական բաղադրիչներից, ավելի լավ են ազդում դրանց վրա։ Տնային դիմակներն ունեն մի շարք առավելություններ։ Ստորեւ ներկայացնում ենք տնային պայմաններում պատրաստվող մի քանի բաղադրատոմսեր, որոնք ազդում են ճյուղավորված վարսերի վրա.
1.Մեղրի.
Հավասարապես խառնեք մեղրն ու զեյթունի ձեթը, քսեք վարսերին եւ թողեք երեսուն րոպե։
2.Դիմակ ավոկադոյով.
2 թեյի գդալ անգույն խնան բացեք եռման ջրով եւ սպասեք 15 րոպե, ավելացրեք ավոկադոյի խյուսը, այնուհետեւ մեկ թեյի գդալ գերչակի յուղ։ Այս դիմակն անհրաժեշտ է վարսերին թողնել մեկ ժամ։

