Ի՞նչ են պայմանավորվել ՀՀ-ն և ՌԴ-ն տրամադրվելիք սպառազինության հարցի շուրջ
ОбществоՓետրվարի 18-ին Ռուսաստանի իրավական տեղեկատուն հրապարակել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանը Ռուսաստանից գնելու է 200 մլն դոլարի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա։ Տեղեկացնենք, որ հրապարակման մեջ նշվել է այն զինտեխնիկայի մասին, որը Ռուսաստանը վաճառելու է Հայաստանին: Հայաստանին վաճառվող զինտեխնիկայի մասին տեղեկություններ հրապարակելն արդյոք չի՞ վնասի ՀՀ անվտանգությանը:
Այս հարցի շուրջ Orer.am-ը զրուցեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ. «Օրերս ռուսական կողմը հրապարակել է ինչպես համաձայնագիրը, այնպես էլ` Հայաստանին վաճառվող սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ցանկը (ցանկը համապատասխան համաձայնագրի մասն էր կազմում): Ազգային Ժողովում այդ համաձայնագրի եւ ցանկի հետ կապված քննարկումների ժամանակ հնչել են որոշակի հարցադրումներ: Թեեւ ամբողջական ցանկ չի հրապարակվել, այնուամենայնիվ` հանձնաժողովում մենք ունեցել ենք հնարավորություն ծանոթանալու սպառազինության այն տեսակներին, որոնք ձեռք են բերվելու տվյալ համաձայնագրի վավերացման արդյունքում: Սակայն լիագումար նիստի ընթացքում կառավարության պաշտոնական ներկայացուցիչը չի ներկայացրել այդ ցանկը, քանի որ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը թույլ չի տալիս նման ցանկի հրապարակում»:
Հարցին, թե արդյո՞ք կողմերի միջեւ անգամ ներքին պայմանավորվածություն չի եղել գաղտնիությունը պահելու մասով, պարոն Նահապետյանը պատասխանեց. «Գաղտնիության եւ անվտանգության վերաբերյալ ներքին պայմանավորվածությունների մասին հարցով թերեւս դիմեք ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ռազմական կարիքների բավարարման նպատակով սպառազինության այն տեսակները, որոնք մենք ձեռք ենք բերում, չենք հրապարակում: Անգամ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում նման հարցերի քննարկումները կազմակերպում ենք դռնփակ նիստում, քանի որ ՀՀ զինված ուժերի զինվածության մասին տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիք են պարունակում: Համաձայնագրի յուրաքանչյուր կողմ կրում է պատասխանատվություն իր վրա դրված պարտավորությունների կատարման համար: Կարծում եմ՝ այս տեսակետից կարիք կա ևս մեկ անգամ անդրադառնալու կողմերի միջև ձեռքբերված պահմանավորվածությունների կատարման ընթացքին»:
Սոսե Չանդոյան