ՀԲ-ի տրամադրած 30 միլիոն դոլարի վարկային միջոցները մասնավոր ընկերություններին չեն տրամադրվի. նախարար
ЭкономикаՀայաստանի էներգետիկ համակարգի բարելավման համար Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող 30 միլիոն դոլարի վարկային միջոցները նախատեսված չեն մասնավոր ընկերություններին տրամադրելու համար: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին:
«Հայաստանի էլեկտրական ցանցերի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պարզաբանումները Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկի հետ կապված բոլորովին իրարից չեն տարբերվում, բացառությամբ մեկ նախադասության, որ նախարարության հայտարարության մեջ ուղղակի չի նշվել, որ նոր գնորդը որեւէ կապ չունի առաջացած ֆինանսական ճեղքվածքի հետ»,- պարզաբանեց նախարարը:
Զախարյանը հավելեց, որ ֆինանսական ճեղքվածքը գոյացել է մինչեւ 2014թ-ի ավարտը, եւ վարկը ձեւակերպվում է, որպեսզի հնարավորություն տրվի էներգետիկայի ոլորտում ֆինանսական ճեղքվածքը կարգավորել: