Ընտրացուցակները մաքրել են ֆիզիկապես մեռած հոգիներից. Արամ Մանուկյան
ОбществоԱյսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ ընտրացուցակների մաքրման գործընթացին: Որպես օրինակ` պատգամավորը նշեց Հայաստանի հարեւանՎրաստանի փորձը. «Վրաստանում յոթ-ութ տարվա ընթացքում հասել են այն արդյունքի, որ երկրում ընտրական գործընթացների նկատմամբ չկա անվստահություն, աղմուկ գոյություն չունի: Մենք պետք է մեր հարեւանների լավագույն փորձը հնարավորինս կիրառենք մեզ մոտ: Վրաստանում արել են ամեն ինչ, մաքրելու, հստակեցնելու ընտրացուցակները՝ օգտագործելով տարբեր մեխանիզմներ»:
Արամ Մանուկյանը նշեց նաեւ. «Մեր կողմից ներկայացվելիք չորս կետերից մեկը կլինի ուռճացված ցուցակների մաքրման տարբերակը: Նա նշեց, որ վրացիներն այս գործընթացը սկսել են 2011 թ-ին եւ 3 ամսում 400 հազար մարդ ցուցակներից մաքրել են, ապա մեկ ամիս էլ` ամփոփել: Ցուցակները մաքրել են ֆիզիկապես մեռած հոգիներից կամ արտասահմանում բնակվողներից, արդյունքում քաղաքացիների վստահությունը բարձրացել է: Եթե մինչ այդ ցուցակների նկատմամբ 35% է եղել վստահությունը վրացիների, գործն ավարտելուց հետո արդեն դարձել է 96%»,-ասաց նա:
Ա. Մանուկյանի խոսքով՝ վրացիների ցուցակները տրվում են նկարներով, ինչը ֆինանսի պահանջ չունի, ընդամենը բազան է պետք տալ ԿԸՀ-ին եւ այդպես կազմել: «11 հազար մարդով այցելել են բոլորի տները եւ հայտնաբերել 380 հազար մարդ, որոնք երկար ժամանակ գտնվում են արտասահմանում, բայց ցուցակներում են գտնվում: Տներից 4%-ի դռները փակ են եղել, իսկ 190 հազար մարդ անհասցե է եղել: Այդ մարդկանց ցուցակը իրենք հանել են, առանձնացրել եւ երկու փուլով է եղել ցուցակների մաքրման գործընթացը: Առաջին անգամ հանել են 100 հազարավոր մարդկանց անունները, որոնք երկար ժամանակ արտասահմանում են, բայց ընտրելու իրավունք ունեն եւ այլ ցուցակում ընդգրկել: Ընտրել են առանձին սեղան, առանձին հանձնաժողովի անդամ, ու երբ հայտնվում են երկրում, եկել է ու այդ ցուցակից է օգտվել: Այդ տարբերակով 2012 թ-ին ընտրություն են անցկացրել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
2012թ-ից հետո արդեն Վրաստանում ընտրությունն անց են կացրել նոր մեխանիզմով. «Ընդհանուր մեկ ցուցակում մեկ սյունակ են ավելացրել, որոնք արտասահմանում են գտնվում կամ հյուպատոսական ծառայությունների մեջ են: Սա բերում է լուրջ վստահություն: Եվ ավելին, քան սա է, մեզ համար այլ փոփոխություն ես չեմ պատկերացնում»,- ասաց Մանուկյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղարը նաեւ նշեց, որ վեց-յոթ ամիսը լրիվ բավարար է իշխանություններին այս գործընթացի համար. «Վրաստանը երկու պատերազմ է ունեցել, ներքին-արտաքին արտահոսք, սակայն կարողացել են այս ծավալը մաքրել: Մենք մեր այս նախաձեռնությունը ներկայացնելու ենք միջազգային կառույցներին ու կստեղծենք միասնական պլատֆորմ: Այս դեպքում իշխանությունները խոհեմ կլինեն՝ գալ ընդառաջ: Սա փրկություն կլինի ու քաղաքացիների մոտ վստահության բարձրացմանը կնպաստի: Ի դեպ, այն նույն օրը, երբ մենք Վրաստանում էինք, մեր ԿԸՀ նախագահը այնտեղ էր՝ Վրաստանի ԿԸՀ նախագահի մոտ: Մենք քաղաքական կոմպանիա ենք ստեղծում. իշխանության համար շատ դժվար կլինի մեզ մերժելը»: