Լարված իրավիճակ` Մալաթիա տոնավաճառի մոտ. վաճառողները բողոքի ակցիա են կազմակերպել
ОбществоՄոտ մեկ ժամ առաջ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները փակել էին տոնավաճառի հարակից մայրուղին: Տոնավաճառի աշխատակիցների վրդովմունքի պատճառը տնօրինության կողմից տեղի վարձավճարը բարձրացնելու մասին տեղեկությունն է եղել, որի պաճառով էլ աշխատակիցներն` ի նշան բողոքի որոշել էին փակել հարակից մայրուղին:
Տեղում աշխատող Orer.am-ի աղբյուրի փոխանցմամբ` խոսակցություններ կան նաև, որ «Մալաթիա» տոնավաճառի տեղում նորակառույցներ են պատրաստվում կառուցել, սակայն չեն ցանկացում առևտրականներին տուն ուղարկելով` տարածքը ազատել: Ուստի` սոցիալական պայթյունից խուսափելու համար «Մալաթիա» տոնավաճառի տնօրինությունը որոշում է կայացրել տարածքի վարձավճարները բարձրացնելու միջոցով մարդկանցից ազատվել, ինչն էլ արդարացիորեն հունից հանել է վաճառականներին: Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների 15 հոգանոց խմբին ընդունել է «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը:
Ի դեպ` մեր աղբյուրի փոխանցմամաբ «Մալաթիա» տոնավաճառում տաղավարների վարձի չափը տատանվում է180-ից 220 հազար դրամի սահմաններում: Վաճառականները այդ գումարից բացի մուծում են նաև հոսանքի վարձը և ապրանքի պահպանության վարձը: Ակցիայի մասնակիցները փորձեցին փակել նաև տոնավաճառի հարակից Րաֆֆու փողոցը, սակայն ոստիկաններն ուժի կիրառմամբ թույլ չտվեցին, որ փողոցը փակվի: Տեղեկացնենք նաև, որ տարածք են ժամանել նաև կարմիր բերետավորները, ովքեր թույլ չեն տալիս, որ տոնավաճառի ախատակիցները փակեն հարակից փողոցները և այս պահին արդեն վերականգնվել է ճանապարհի երթևեկությունը:
Ա.Գ.