Արմեն Մուրադյանը հանձնարարել է լուծումներ առաջարկել հոգեբուժական ծառայության ոլորտի խնդիրների համար
ОбществоՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հոգեբուժական օգնության ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ նախատեսվող փոփոխությունները, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով մինչ այժմ չկարգավորված ընթացակարգերի կարգավորումը։
Ինչպես տեղեկացրի ն ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Իզաբել Աբգարյանը ներկայացրել է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկված փոփոխությունները, որն արդեն ուղարկվել է ՀՀ կառավարություն։ Նշվել է, որ փոփոխություններով էականորեն հստակեցվում է հոգեբուժական օգնության կազմակերպման գործընթացը, կոնկրետացվում են ինչպես բուժաշխատողների իրավասությունների շրջանակը, այնպես էլ պացիենտների իրավունքների իրացման մեխանզմները:
«Օրենսդրական փոփոխությունը, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակումը նոր հնարավորություն է ստեղծում ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված խնդիրների կանոնակարգումն օրենսդրական դաշտ բերելու համար»,-ասել է նախարարը` կարևորելով հատկապես մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը:
Ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են նաև փորձագիտական ծառայությունը միջազգային ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելու, համակարգն անհրաժեշտ մասնագետներով ու փորձագետներով ապահովելու և այլ հարցեր։ Մասնագետները բարձրացրել են նաև փորձագիտական ծառայության վճարման մեխանիզմների վերանայման անհրաժեշտության հարցը։
Արմեն Մուրադյանը գլխավոր մասնագետին և հոգեբուժական հաստատությունների ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրելով ինչպես միջազգային, այնպես էլ ԵԱՏՄ փորձը, առաջարկություններ ներկայացնել ոլորտում առկա խնդիրների կարգավորումներին օրենսդրական լուծումներ տալու ուղղությամբ։