Երկու թանգարանների կրթական ծրագրերը «Լավագույն փորձ» մրցանակաբաշխությանում դարձել են լավագույնը
КультураՀայաստանյան երկու թանգարաններ ICOM -ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի «Լավագույն փորձ» կրթական ծրագրերի 2016 թվականի մրցանակաբաշխությանում մրցանակների են արժանացել: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ծրագիրն արժանացել է մրցանակի և ընդգրկվել լավագույնների հնգյակում, իսկ Գրականության և արվեստի թանգարանի ծրագիրը արժանացել է դիպլոմի և հրատարակման` որպես լավագույն փորձ թանգարանային կրթության բնագավառում:
«Շատ ուրախ եմ, որ մեր երկու ծրագրերը հաջողություն գրանցեցին: Այս մրցույթին Հայաստանն առաջին անգամ չէ մասնակցում է: Սա ICOM-ի երկարատև աշխատանքի արդյունքն է: Ուրախ եմ, որ մենք հերթական առաջընթացը գրանցեցինք: Եթե 10 տարի առաջ մենք թանգարաններում ունեինք հրաշալի միջոցառումներ, բայց չունեինք պարբերաբար գործող կրթական ծրագրեր, ապա այսօր մեկ տասնյակից ավելի թանգարաններում կան միջազգային ասպարեզում մրցունակ կրթական ծրագրեր»,-ասաց ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի տնօրեն Մարինե Հարոյանը:
Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ –ին կից Թանգարանների միջազգային խորհրդի /ICOM/ Հայաստանի ազգային կոմիտեն ԻԿՕՄ-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի «Լավագույն փորձ» կրթական ծրագրերի 2016 թվականի մրցանակաբաշխությանը ներկայացրել էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի` երիտասարդ ծնողների համար նախատեսված «Օրորներ» երգի արվեստանոց կրթական ծրագիրը և Գրականության և արվեստի թանգարանի «Ազգային նվագարանների աշխարհում» կրթական ծրագիրը` նախատեսված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար:
2012թ․ նույն մրցույթում Հովհաննես Թումանյանի թանգարանի ներկայացրած ծրագիրը անցել էր լավագույն հնգյակի մեջ, իսկ 2013 թվականին` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ծրագիրը խրախուսական տեղ էր զբաղեցրել և տպագրվել ժողովածուում։