Տիգրան Համասյանը համերգով հանդես կգա Գյումրիի լքված տնակային ավաններից մեկում
КультураԱշխարհի հեղինակավոր բեմերը նվաճած աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը նվագելու է Գյումրիի լքված տնակային ավաններից մեկում:
Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Գյումրիում տնակներում բնակվող ընտանիքների խնդիրը բարձրաձայնելու յուրօրինակ ակցիային միանալով՝ ծնունդով գյումրեցի դաշնակահարը համերգային ծրագրով հանդես կգա փետրվարիի 27-ին Գյումրու Մանուշյան փողոցի վերջնամասում՝ «Ֆանտաններ» կոչվող տնակային ավանի տնակներից մեկում: Տիգրան Համասյանը այս նախաձեռնությամբ միացել է լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի ծրագրին:
Երկրաշարժից 27 տարի անց Գյումրիում մոտ 3000 ընտանիք դեռ ապրում է վագոն-տնակներում: Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի կողմից 3 տարի անընդմեջ դեկտեմբերի 7-ին կազմակերպված «Ամոթի օր» վերտառությամբ ցուցահանդեսների ժամանակ ներկայացվել է տնակներում ապրողների իրական կյանքը՝ փորձելով բոլորի ուշադրությունը սևեռել խնդրի վրա, իսկ այս տարի, այդ ընտանիքներին օգնելու համար Հայկը միջազգային դրամահավաք է սկսել: Մինչև մարտի 15-ը 190 հազար դոլար հավաքելու դեպքում 13 ընտանիք բնակարանատեր կդառնա:
Համերգի կազմակերպիչները անօթեւանության խնդիրն ավելի տեսանելի դարձնելու համար« ընտրել է յուրօրինակ ձևաչափ՝ համերգի բոլոր մասնակիցները ոտքով կհասնեն այն տնակը, որտեղ տեղի է ունենալու համերգը՝ իրականությունը ցույց տալու համար: Բոլոր նրանք, ովքեր հնարավորություն չեն ունենա գտնվել այդ տնակում, հնարավորություն կստանան ունկնդրել Տիգրան Համասյանին դրսում ՝ ձայնային ժամանակակից տեխնիկայի միջոցով: Ողջ համերգը ձայնագրվելու է և ցուցադրվելու է տեղի հեռուստատեսություններից մեկով, իսկ «յութուբյան» ալիքն այն ուղիղ կհեռարձակի: Դրամահավաք կկազմակերպվի նաև տեղում:
Արմենուհի Մխոյան