«Չի բացառվում, որ Սիրիայում զինադադարի ռեժիմը խախտելուն միտված սադրիչ գործողություններ կլինեն»
ОбществоՓետրվարի 12-ին ՄյունխենումՍիրիայի աջակցության միջազգային խմբի ներկայացուցիչների կողմից, որի համանախագահներն են ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը, հայտարարվել էր, որ Սիրիայում համընդհանուր զինադադար կլինի: Զինադադարի եւ դրանից հետո հնարավոր զարգացումների մասին Orer.am-ը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:
«Զինադադարը վերաբերելու է սիրիական հակամարտության հիմնական մասնակիցներին, քաղաքական դերակատարներին, սակայն ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կառույցների դեմ ինչպես ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, այնպես էլ ՌԴ-ն եւ նրան հարող ուժերը շարունակելու են պայքարը: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների միջեւ փետրվարի 22-ին կայացած հեռախոսազրույցից հետո, փաստորեն, պաշտոնապես հայտարարվեց, որ փետրվարի 27-ի կեսգիշերին Սիրիայի ամբողջ տարածքում կհայտարարվի համընդհանուր զինադադար: Այստեղ, թերեւս, ամենակարեւորն այն իրողությունն է, որ զինադադարի պահպանման հարցում հնարավոր ամենաբարձր մակարդակով իրենց երաշխիքներն են տվել աշխարհի երկու ամենաազդեցիկ գերտերությունները, որոնք նաեւ աշխարհաքաղաքական առումով մրցակցում են Սիրիայի տարածքում:
Որքան էլ բարդ եւ պայթյունավտանգ է իրավիճակը Սիրիայում եւ, առհասարակ, Մերձավոր Արեւելքում, այնուամենայնիվ՝ առնվազն սիրիական հակամարտությանը ներգրավված արտատարածաշրջանային դերակատարների շրջանում վերջին ժամանակահատվածում ստեղծված քաղաքական մթնոլորտը թույլ էր տալիս կանխատեսել, որ բավական մեծ է հակամարտության՝ քաղաքական կարգավորման շրջափուլ տեղափոխվելու հնարավորությունը»,-ասաց արաբագետը՝ մանրամասնելով,-«Բանն այն է, որ վերջին շրջանում այս հակամարտության գլոբալ ազդեցությունն արձանագրել էր չափազանց բարձր մակարդակ՝ առաջացնելով գլոբալ սպառնալիք ողջ միջազգային հանրության համար: Այս համատեքստում, կարելի է հիշատակել, օրինակ, հիմնականում սիրիացի գաղթականների հոսքերով պայմանավորված միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում, միջազգային ահաբեկչության սպառնալիքի աճն ամբողջ աշխարհում, Սիրիայի տարածքում մի որոշ արտաքին դերակատարների միջեւ՝ Ռուսաստան-Թուրքիա, Սաուդյան Արաբիա-Իրան, ուղղակի առճակատման հնարավորությունը, քրդական հիմնախնդրի հետ կապված զարգացումները եւ այլն: Վերոնշյալը փաստում է այն մասին, որ օր առաջ Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատումը դարձել է անհետաձգելի հրամայական: Մյուս կողմից, իհարկե, չի կարելի խոսել Սիրիայի ամբողջ տարածքում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին. այս հարցում նույն միջազգային պայմանավորվածությունները հավաստում են առնվազն ահաբեկչական կառուցների դեմ պայքարի շարունակման գործընթացն իրավական մակարդակում»,-ասաց նա:
Խոսելով նաեւ սիրիական հակամարտության շրջանակներում առկա դերակատարների եւ շահերի բազմազանության մասին արաբագետը նշեց, որ չեն բացառվում, իհարկե, զինադադարի ռեժիմը խախտելուն միտված սադրիչ գործողությունները. «Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ 2 գերտերությունների միջեւ ձեռք բերված վերջին պայմանավորվածությունն ի տարբերություն սիրիական հակամարտության հանգուցալուծմանը նվիրված նախկին գործընթացների, շատ ավելի խոստումնալից եւ հուսադրող է, քանի որ կարծես բոլոր խաղացողների համար է ակնհայտ դարձել, որ այս գործընթացի տապալումից հետո զարգացումները կտեղափոխվեն հիմնականում սիրիական ռազմադաշտ, ինչն էլ նշանակում է, որ ներսիրիական հակամարտ կողմերի շրջանում մինչ այս մղվող «բոլորը բոլորի դեմ» պատերազմին մեծ հավանականությամբ կներգրավվեն նաեւ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային խաղացողներ, ինչի հետեւանքները կարող են աղետալի լինել ամբողջ աշխարհի համար»,- եզրափակեց արաբագետը:
Սոսե Չանդոյան