Գառնիի դիտարանում կներդրվեն լազերային տեխնոլոգիաներ
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 29-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգ եյ Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 263 դեպքի, որոնցից 258-ը նկարահանվել են: ՓԾ տնօրենը հայտնել է, որ ավարտվել է փրկրարարների հերթական ատեստավորումը, որին մասնակցել է 694 փրկարար:
Սերգեյ Ազարյանը տեղեկացրել է նաև, որ շարունակվում են աշխատանքները հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործարկման ուղղությամբ: ՓԾ տնօրենը զեկուցել է, որ մարտի 1-ին` Քաղպաշտպանության համաշխարհային օրվա առթիվ, Երևանում և հանրապետության բոլոր մարզերում անցկացվելու են տարբեր միջոցառումներ, իսկ դպրոցներում կլինեն թեմայի վերաբերյալ դասախոսություններ:
Աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանը զեկուցել է, որ շուտով կավարտվեն նախարարության նոր կանոնադրության, կառուցվածքի և հաստիքացուցակների հետ կապված աշխատանքները: Նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը զեկուցել է, որ սերվերային տնտեսության վերափոխման աշխատանքները մոտենում են ավարտին:
Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցել է, որ շարունակվում են աշխատանքները նախարարության թանգարանի ստեղծման ուղղությամբ: Մշակվել են ցուցանմուշների գրանցամատյանների կազմման եղանակները: Արմեն Երիցյանի հանձնարարականով, ԱԻ նախարարության թանգարանը պետք է շահագործման հանձնվի մինչև 2016թ. սեպտեմբերը:
«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցել է ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հաղորդել է, որ այսօր Երևան կժամանեն Դուբնայի միջուկային հետազոտությունների ինստիտուտից 2 մասնագետներ, ովքեր վաղը կմեկնեն Գառնիի երկրաֆիզիկական դիտարան: Այցի նպատակն է մասնագետների խորհրդատվությամբ Գառնիի դիտարանում ներդնել լազերային տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են ՌԴ-ում:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը զեկուցել է, որ գարնանային վարարումների վերաբերյալ կանխատեսումները կներկայացվեն ավելի վաղ քան անցյալ տարիներին: Նրա խոսքով, շարունակվում են նաև հակակարկտային միջոցառումները: Որպես առաջնահերթություն` ընտրվել են Արմավիրի և Արարատի մարզերը: Լ. Վարդանյանը ներկայացրել է նաև մոտակա օրերի եղանակի կանխատեսումը: Նրա փոխանցմամբ՝ գրանցված բարձր ջերմաստիճանը կպահպանվի:
«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը զեկուցել է համայնքների աղետի ռիսկերի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում կատարված աշխատանքների մասին:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Նախարարին զեկուցվել է նաև մարզերում ճանապարհների անցանելիության և ժամանակավոր հենակետերի աշխատանքի մասին: