Իտալական ընկերությունը ներկայացրել է Հյուսիս-հարավի տրանշ 4-ի ուսումնասիրության արդյունքները
Общество«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» տրանշ 4-ի` Արտաշատից Քաջարան ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության առաջին արդյունքներն արդեն պատրաստ են: Ուսումնասիրություններն իրականացրած իտալական «Սպեա Ինջեներիա Եվրոպեա» և «ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ կազմակերպության մասնագետները «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականա ցման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ միասին այժմ արդեն անցկացնում են հանրային քննարկումներ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում փետրվարի 29-ին կազմակերպվել է հերթական հանիպումը` ՀՀ տարածքային կառավարման, բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների, մշակույթի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնագետների մասնակցությամբ:
Հաշվի առնելով տեղանքի նախնական վերլուծությունը, ինչպես նաև՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռելիեֆին` շուրջ 300 կմ երկարությամբ ճանապարհահատվածն իտալական ընկերությունն ուսումնասիրության ընթացքում բաժանել է 2 հիմնական հատվածների՝ Արտաշատ-Սիսիան և Սիսիան-Քաջարան:
«Ըստ մեր ուսումնասիրությունների, կառուցման ընթացքում Արտաշատից Սիսիան հատվածում առկա ճանապարհից շեղումներ քիչ կլինեն: Այս հատվածներում մեծամասամբ անհրաժեշտ կլինի լայնացնել գոյություն ունեցող ճանապարհը՝ ապահովելով դրա համապատասխանելիությունն առաջին կարգի բետոնապատ ճանապարհի չափանիշներին: Իսկ Սիսիանից Քաջարան հատվածի համար, որն ամենաբարդն է, դիտարկվում է ամբողջովին նոր ծրագիծ»,- նշել է «Սպեա Ինջեներիա Եվրոպեա» իտալական ընկերության ղեկավար Ատտիլիո Սիվիերոն: Ուսումնասիրությունները կատարելու ընթացքում ընկերությունը համագործակցել է մի շարք պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, հնագետների հետ:
Կառուցվելիք նոր արագընթաց մայրուղին հնարավորինս պետք է շրջանցի մեծ ու փոքր համայնքները, պատմամշակութային արժեք հանդիսացող հուշարձանները, գազատարները, էլեկտրահաղորդիչ կայանները: Այս հանդիպումից առաջ նախագիծը հանրային քննարկում է անցել նաև Սյունիքի մարզում:
Ճանապարհի կառուցումից հետո հանրապետության դեպի հարավային դարպաս գնացող մայրուղին կկրճատվի մոտ 80 կմ: Դրան կնպաստի մի շարք հատվածներում նախատեսվող թունելների կառուցումը: Թունելիներից ամենաերկարը կլինի 8 կմ: Հյուսիս-հարավ մայրուղու Արտաշատ-Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը կհամաֆինանսավորվի Եվրասիական զարգացման բանկի կողմից: