Ֆրանսիայի Վալանս քաղաքում սումգայիթյան զոհերի հիշատակին հոգեհանգստյան կարգ է կատարվել
ОбществоՖրանսիայի Վալանս քաղաքում «Ապրիլի 24» հանձնաժողովի նախաձեռնությամբ Սուրբ Սահակ հայկական եկեղեցում սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին կատարվել է հոգեհանգստյան կարգ:
Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, կարգը կատարել է հայր Անդրանիկ Մալջյանը:
Իրենց հայտարարության մեջ «Ապրիլի 24» հանձնաժողովի անդամները նշել են, որ այդ քայլով ցանկացել են ևս մեկ անգամ հիշել և հիշեցնել 1988թ-ին փետրվարի 26-28-ը Բաքվում և Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունների հարյուրավոր հայ զոհերին մասին:
«Սումգայիթի միջոցով Ադրբեջանը ցանկանում էր ճնշել Լեռնային Ղարաբաղի հայությանը, ով Հայաստանին միանալու իր կամքն էր արտահայտել: Հայ քաղաքացիական անձանց սպանդի միջոցով Բաքուն իր իրական բնույթը ցույց տվեց` փորձելով արյամբ զսպել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ազատ ապրելու ցանկությունը: Այսօր կրկին Ադրբեջանը շարունակում է այդ ռասիստական, հակահայկական ատելության քաղաքականությունը և արհամարհելով 1994թ-ի մայիսի հրադադարը հրետակոծում է սահմանամերջ հայկական գյուղերը»,- նշված է հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:
«Ապրիլի 24» հանձնաժողովի անդամները խստորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և վերահաստատել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու որոշմանը: Նրանք նաև միջազգային կառույցներին սթափության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության կոչ են արել: