Երևանում բացվեց մանկական կուրության կանխարգելման տարածաշրջանում եզակի կենտրոնը
Հայաստանում տարեկան ծնվող նորածինների 10 տոկոսն անհաս է լինում, որի մեջ ծանրակշիռ մաս են կազմում կուրություն ունեցող երեխաները: Նորածինների կուրությունն ախտորոշելուն և հետագա բուժումն իրականացնելուն կնպաստի սեպտեմբերի 22-ին Երևանում պաշտոնապես բացված «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը»:
Կենտրոնը տեղակայված է Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածքում` նորակառույց շենքում, որը երեխաներին սպառնացող կուրության հիվանդությունների ակնային վիրահատություններ իրականացնելու բնագավառի առաջամարտիկ է տարածաշրջանում:
Բարձրորակ վերապատրաստում անցած հայ վիրաբույժների և ԱՄՆ բժիշկների շարունակական համագործակցության շնորհիվ կենտրոնը միտված է Հայաստանում և տարածաշրջանում կուրության կանխարգելման նպատակով բուժման և ծառայությունների մատուցման գերազանցության ապահովմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ` Վահան Պողոսյանը ներկաներին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղերձը:
«Սա եզակի նախաձեռնություն է, որը կօգնի բարելավելու համեմատաբար նոր զարգացող ակնային հիվանդությունների դեմ պայքարն ու բազմաթիվ նորածիններին կփրկի սպառնացող կուրությունից: Կարևոր այս ծրագիրը կյանքի է կոչվել ԱՄՆ զարգացման գործակալության, «Հայկական ակնաբուժության նախագծի» ու Մալայանի անվան ակնաբուժական կետրոնի համատեղ ջանքերով:
Այդ նախաձեռնության շուրջը համախմբվել են ոլորտի այլ շահագրգիռ կազմակերպություններ ևս: Հատկանշական է, որ կենտոնն ամբողջովին կառուցվել է ՀՀ Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձու թյան և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի կողմից: Մի կառույց, որը կոչված է նպաստելու պերինատալ ու մանկական հիվանդությունների կանխարգելմանը:
Երևանում կկիրառվեն ինովացիոն մոտեցումներ, ինովացիոն բժշկություն, որը երեխաների կուրության կանխարգելումը Հայաստանում կբարձրացնի նոր մակարդակի: Իսկ ամենավերջին սերնդի արտադրությունը հնարավորություն կտա բարձրացնել նորածինների խնամքի որակն ու տեղում կազմակերպելու բուժանձնակազմի վերապատրաստումները: Ակնկալում ենք գերազանց արդյունք: Ծրագրվում է անդրադառնալ ոչ միայն ակնային, այլև մեկ այլ շատ կարևոր խնդրի լուծմանը` անհաս, ցածր քաշով նորածինների հետագա զարգացման հսկողության կենտրոնի ստեղծմանը»,-ասված էր նախարարի ուղերձում:
Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտիտնօրեն Ռազմիկ Աբրահամյանի խոսքով` կենտրոնի կարևոր կողմերից է այն, որ այն կնպաստի ոչ միայն հայ ազգաբնակչության խնդիրների լուծմանը, այլև հարևան երկրների երեխաներին: «Մինչ այս պահը կենտրոնում 70 երեխայի մենք կատարել ենք ռետինոպատիայի լազերային բուժում, 7 երեխայի` խոռոչային բուժում»,-հայտնեց Ռազմիկ Աբրահամյանը:
Ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ ՌոջերՕհանեսյանի հավաստմամբ` Հայաստանում նման կենտրոնի բացումն անհրաժեշտություն էր, քանի որ տարեկան 60-100 հայ երեխա կուրանում էր: «Այժմ հնարավոր է 90 տոկոս դեպքերում կանխարգելել կուրության դեպքերը, իսկ 10 տոկոս դեպքում հնարավոր է բուժում իրականացնել այստեղ: Այս կենտրոնը եզակի է, նման բան ոչ մի տեղ չկա: Կարող ենք այստեղ վիրահատել ու, ինտերնետի միջոցով հեռարձակելով, կապ հաստատել աշխարհÕ « տարբեր մասնագետների հետ: Սա լուրջ համագործակցություն է Հայաստանի ու Ամերիկայի բժիշկների միջև»,-ասաց Ռոջեր Օհանեսյանը:
Կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը, ԱՄՆ փոխդեսպան Վուդվորդ Քլարք Փրայսը, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը, Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին և այլք: