Հայաստանը դեմքով շրջվել է դեպի հանրային առողջապահություն
ОбществоՀայաստանը վերջին տարիներին դեմքով շրջվել է դեպի հանրային առողջապահություն: «Առողջությունը պետք է գնահատել առողջության պահին, ոչ թե հիվանդության ժամանակ» գաղափարի շուրջ էլ Հայաստանում կառուցվում են առողջապահական կանխարգելիչ ծրագրերը: Երևանում անցկացվող «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգ ային նախարարական համաժողովին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Անդրադառնալով 20-րդ դարում երկու համաշխարհային պատերազմների արդյունքում միլիոնավոր մարդկանց կորստին` նախարար Մուրադյանը նկատեց, որ վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունները ոչ պակաս պատերազմ են հայտարարել մարդկությանը: «Տարեկան 40 միլիոն մարդ մահանում է ոչ վարակիչ հիվանդություններից ամբողջ աշխարհում, 18 միլիոնը վաղաժամ մահացությունն է: Այն մարդիկ են, ովքեր կարող էին իրենց աշխատանքով, մոտեցումներով ավելացնել իրենց երկրի համախառն արժեքը, մարդկության արժեքը: Երբ դիտարկում ենք 10 տարվա կտրվածքում, խոսք է գնում 180 միլիոն մարդու մասին, ու մեզ հարց ենք տալիս, որն է ավելի մեծ պատերազմ»,- Արմենպրեսի փոխանցմամբ` ասաց Արմեն Մուրադյանը:
Նախարարի խոսքով` վարակիչ հիվանդությունների վերջին ալիքը ցույց տվեց, որ նոր տեսակի վարակիչ հարուցիչները ևս մարտահրավեր են մարդկությանը, և առողջապահության ոլորտի մասնագետները պարտավոր են համախմբվել այդ հարցի շուրջ: Նա կարևորեց պատվաստումների լայանածավալ ծրագիրը, որը Հայաստանը հաջողությամբ իրականացնում է և իմունոկանխարգելման ծրագրերը հասանելի դարձնում 95 տոկոսից ավելի բնակչությանը:
Անդրադառնալով ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությանը` Արմեն Մուրադյանը նշեց, որ Հայաստանում 80 տոկոսից ավելի մահացությունները պայմանավորված են երեք հիմնական հիվանդություններով` սիրտ-անոթային, ուռուցքային, շաքարային դիաբետ: «Այս հիվանդությունները հաղթահարելն անհնար է առանց հանրային աջակցության»,-ասաց Արմեն Մուրադյանը:
Նա կարևորեց առողջ ապրելակերպի քարոզումը, ծխելու դեմ պայքարը` նշելով, որ Հայաստանում ծխում է 16-ից բարձր տղամարդկանց 55 տոկոսը, երեխաների 6-9 տոկոսը, կանանց`2-3 տոկոսը: Գիրության խնդիր ունի 49 տոկոսը: