ԿԸՀ-ին կթույլատրվի կնիքների գնումներն իրականացնել բանակցային ընթացակարգով
ОбществоՀՀ կառավարությունը կթույլատրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2016 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին 94 մլն 536 հազար դրամի տպագրական և 26 մլն 728 հազար դրամի կնիքների պատրաստման աշխատանքների ձեռքբերման գնումներն իրականացնել առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու`բանակցային ընթացակարգով:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 3-ի նիստի օրակարգում:
«ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` սահմանված են խիստ որոշակի ժամկետներ ընտրական հանձնաժողովների աշխատանքների և ընտրական գործընթացների կազմակերպման համար նախատեսված կնիքների պատրաստման, ընտրական փաստաթղթերի տպագրական աշխատանքների իրականացման համար: Մասնավորապես, ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի պահանջներին համապատասխան լիազոր մարմինը (Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն) ընտրական տեղամասերը կազմավորում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ, ինչը նշանակում է, որ ընտրական տեղամասերի քանակը հայտնի է լինում միայն քվեարկության օրվանից 45 օր առաջ, իսկ առանց նշված տեղեկատվության կնիքների պատրաստման աշխատանքներն անհնարին է սկսել»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Միաժամանակ նշվում է, որ Ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան քվեաթերթիկների տպագրությունը սկսվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի ընտրողների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրված տեղեկատվության հիման վրա: Ավելին, ՀՀ ֆինանսների նախարարությունը հարկ է համարում նկատել, որ նախատեսված աշխատանքների իրականացման ժամկետներում ներառվում են նաև բավականին շատ ոչ աշխատանքային օրեր, որով պայամանվորված առավել կարևորվում է աշխատանքների պատշաճ և ժամանակին իրականացումը:
«Նման պայմաններում էական նշանակություն է ձեռք բերում այն սուբյեկտների ընտրությունը, որոնք պետք է իրականացնեն նշված աշխատանքների կատարումը, քանզի դրանց ձախողման դեպքում կվտանգվի ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը, քանի որ նշված աշխատանքները պետք է իրականացվեն ոչ միայն հստակ որոշված խիստ կարճ ժամկետներում, այլև պատշաճ որակի ապահովմամբ»,- ասված է հիմնավորման մեջ: