Արա Երնջակյանի հեղինակած գիրքը կհրատարակվի այս տարի. արվեստագետը նշում է տարեդարձը
КультураՌեժիսոր, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Երնջակյանը ծննդյան տարեդարձը նշելու է ընկերների և հարազատների շրջապատում: Մարտի 2-ին Երևանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տոնում է 65-ամյակը:«Արմենպրես»-ի հետ զրույցում հոբելյարը նշեց, որ պատրաստվում է կարևոր ներկայացման:
«Գալիս է մի տարիք, որ աշխատում ես ծննդյան օրվա մասին ոչ մի բան չհիշել: Բայց, կարծես, չի ստացվում: Հիմնական միջոցառումը մարտի 24-ին է լինելու, թատրոնում ներկայացում ենք խաղալու, հյուրեր կլինեն: Նոր ներկայացում է, կոչվում է «Սիրո խոստովանություն»: Մի քանի անգամ խաղացել ենք, բայց կարելի է ասել` պրեմիերա է: Խաղում են Ռաֆայել Երանոսյանը, Սենիկ Բարսեղյանը, Անի Գրիգորյանը, Վահե Զիրոյանը և Հասմիկ Դանիելյանը: Բեմադրությունը սիրո խոստովանություն է մեր քաղաքին` Երևանին. շատ սրտաճմլիկ, ուրախ, բայց մի քիչ էլ տխուր ներկայացում է»,-նշեց Արա Երնջակյանը:
Երևանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով` հիմա շատ կարևոր գործ է իրականացնում:
«Մոսկվայի շեքսպիրագիտական կենտրոնը պատվիրել է շատ լուրջ աշխատանք` գիրք պատրաստել, որը գրեթե ավարտել եմ: Այն կհրատարակվի Մոսկվայում: Ինձ համար ամենակարևոր իրադարձությունն է: Իմ թեկնածուական թեզի հիման վրա է, շատ ոգևորվել էին և առաջարկել, որ հրատարակվի գրքի տեսքով»,-շեշտեց նա:
2012 թ. Արա Երնջակյանը թատերագիտության բնագավառում պաշտպանեց թեկնածուական թեզ` «Հորացիոյի կերպարի մեկնաբանությունը` որպես հին հունական պարերգի մետամորֆոզ» թեմայով:
«Հույս ունեմ, որ գիրքը մի քանի ամսից լույս կտեսնի: Նախնական վերնագիրն է «Ով ով է Շեքսպիրի «Համլետ» պիեսում: Ռուսերեն է, նվիրված է Հորացիոյի կերպարին»,-ընդգծեց Երնջակյանը:
Երևանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը խոստանում է, որ մինչև տարեվերջ մշակութային օջախի բեմում նոր ներկայացում կլինի` իր հեղինակած «Ալքիմիկոս» պիեսի հիման վրա: Այն, Արա Երնջակյանի հավաստմամբ, ոչ մի կապ չունի Պաուլո Կոելյոյի համանուն ստեղծագործության հետ:
Արա Երնջակյանը ծնվել է 1951 թվականի մարտի 2-ին Երևանում։ 1974 թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետը։ 1983 թ. ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը, ստանալով ռեժիսորի մասնագիտություն։1982 թ. հիմնադրել և մինչ օրս ղեկավարում է Երևանի Կամերային թատրոնը, որն իր յուրովի ոճով և մեկնաբանություններով ճանաչված և սիրված է թե’ մեր երկրում, թե’ նրա սահմաններից դուրս: Նկարահանել է նաև բազմաթիվ ֆիլմեր: