Վարչապետն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպանին
ЭкономикаՎարչապետ Հովիկ Աբրահամյանը մարտի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շնո րհավորել է դիվանագետին Հայաստանում Եգիպտոսի դեսպան նշանակվելու առթիվ և մաղթել բեղմնավոր աշխատանք: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին երկու բարեկամ երկրների փոխհարաբերություններն ակտիվ զարգանում են, և առկա է մեծ ներուժ՝ հայ-եգիպտական կապերը սերտացնելու և ընդլայնելու համար:
Դեսպան Մաաթին նշել է, որ պատվով է ստանձնում Հայաստանի և Եգիպտոսի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հանձնառությունը և պաշտոնավարման ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը՝ փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Նա վարչապետ Աբրահամյանին է փոխանցել Եգիպտոսի վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:
Անդրադառնալով հայ-եգիպտական փոխգործակցության խորացման հեռանկարներին՝ զրուցակիցները կարևորել են բարձրաստիճան փոխայցերը, քաղաքական ակտիվ երկխոսությունը, միջկառավարական և միջխորհրդարանական ձևաչափերով հաճախակի շփումներն ու փոխգործակցությունը: Երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման համատեքստում վարչապետը և Եգիպտոսի դեսպանն ընդգծել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության կարևորությունը և քննարկել ընթացիկ տարում հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը վերաբերող մանրամասներ:
Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում դեսպան Մաաթին իր նպաստը կբերի երկու երկրների միջև համագործակցության առավել զարգացմանն ու ընդլայնմանը: