Վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ Կարո Մելիքսեթյանը
КультураԿյանքի 78-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, 1969 թվականից Հայաստանի գրողների միության անդամ Կարո Մելիքսեթյանը:
Կ.Մելիքսեթյանը ծնվել է 1938 թ. Ալավերդու շրջանի (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ) Ղաչաղան (այժմ՝ Արևածագ) գյուղում: Սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա գրական բարձրագույն դասընթացներում: Աշխատել է «Գարուն» ամսագրում, հայկական հեռուստատեսությունում, ՀԳՄ Ալավերդու և Կոտայքի գրական միավորումներում:
Կ.Մելիքսեթյանը հեղինակել է մեկ տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուներ, այդ թվում՝ «Ադամամութ» (1968), «Ոսկե ափ» (1978), «Ոսկե փեթակ» (1984), «Յոթանասունյոթ վարդ» (2000), «Ոգի և հիշողություն» (2002), «Նավը փրփուրի վրա» (2007)… Թարգմանություններ է կատարել լիտվական պոեզիայից:
Կ.Մելիքսեթյանը արժանացել է Հայաստանի երիտասարդական 2-րդ փառատոնի դափնեկրի կոչման, «Էրեբունի-Երևան» մրցանակաբաշխության, մի շարք թերթերի կողմից սահմանված մրցանակների, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի:
Յուրատիպ բանաստեղծի, նրբաճաշակ թարգմանչի, բազմափորձ լրագրողի, պարզապես լավ մարդու և գործընկերոջ՝ Կարո Մելիքսեթյանի, հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների, մտերիմների և նրա պոեզիայի բազմաթիվ ընթերցողների սրտերում:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի գրողների միության վարչություն, Կ. Մելիքսեթյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 3-ին, ժամը 18.00-ին «Մատուռ» սգո սրահում (Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հարևանությամբ), հուղարկավորությունը՝ մարտի 4-ին, նույն հասցեից: