Հայաստանը սատարում է Իրաքի իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում
ПолитикаԻրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը մարտի 1-ին հանդիպել է ունեցել Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Գրիգորյանը նախագահ Մասումին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և ՀՀ Նախագահի անունից ցավակցություն հայտնել փետրվարի 28-ին Բաղդադի Մադինաթ Սադր արվարձանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի արդյունքում զոհվեցին շուրջ 80 և վիրավորվեցին ավելի քան 100 մարդ։
ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը դատապարտում է քաղաքացիական բնակչության նկատմամբ ցանկացած ոտնձգություն և սատարում Իրաքի իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում։
Նախագահ Մասումը շնորհակալություն է հայտնել ցավակցությունների համար և խնդրել իր ողջույնները փոխանցել եղբայրական Հայաստանի Նախագահին։ Նա հայտնել է, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի դարավոր պատմության ողբերգական էջին և անձնապես հասկանում է հայ ժողովրդի դեմ կատարված ոճիրների ծանրությունը՝ միաժամանակ հիշատակելով քրդերի դեմ իրականացված բռնությունները և զանգվածային ոչնչացումները, մասնավորապես՝ Հալաբջայի հայտնի դեպքերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին ու Բաղդադում կայացած նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։