Լեհաստանում տնտեսական համաժողովի մասնակիցները քննարկել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունները
ЭкономикаԼեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը փետրվարի 29-ին մասնակցել է Վոլոմին քաղաքում տեղի ունեցած տարածաշրջանային տնտեսական համաժողովին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, համաժողովին մասնակցում էին Վոլոմինի տարածաշրջանի ղեկավար Կաժիմիեժ Ռակովսկին, տարածաշրջանի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ գործարարներ:
Համաժողովի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում գործարարության և տնտեսության զարգացման հեռանկարներին: Թեմայի շրջանակներում զեկույցով հանդես է եկել հայ-լեհական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մաչեյ Բոհոսևիչը: Նա ընդհանուր տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի և մասնավորապես հայ-լեհական տնտեսական հարաբերությունների մասին:
Դեսպան Ղազարյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները: Նա լեհ գործարարներին ներկայացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից, ինչպես նաև Իրանի նկատմամբ միջազգային տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տարածաշրջանային շուկաներում նոր դիրք զբաղեցնելու հեռանկարները: Դեսպանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Հայաստանի հետ կապված բոլոր տնտեսական նախաձեռնություններին և ծրագրերին: