ԵՊԲՀ երգչախումբը Կոմիտասին նվիրված միջոցառում է պատրաստում
КультураԵրևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հիմնադրված երգչախումբն ակտիվ ստեղծագործական գործունեություն է ծավալում:«Արմենպրես»-ի հետ զրույցում երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ԵՊԲՀ 4-րդ կուրսի ուսանող Տիգրանուհի Ղարագյոզյանը նշեց, որ գարնան առաջին օրը երիտասարդների նախաձեռնությամբ իրականություն դարձավ «Դարձիր իմ արևը» խորագրով բարեգործական միջոցառումը:
«Երգչախումբը հիմնադրվել է 2015 թվականի փետրվարի11-ին: Այն կառույցներից է, որը կազմակերպել ու կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ: Առաջին նախագիծը, որ իրականացրել ենք, եղել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումը, որը տեղ է գտել «Միջազգային հարաբերություններ. հայկական աշխարհ» հանդեսում»,-շեշտեց Տիգրանուհի Ղարագյոզյանը:
Անդրադառնալով երգչախմբի կազմակերպած «Դարձիր իմ արևը» միջոցառմանը, նա շեշտեց, որ հանգանակությունը դեռ շարունակվում է, և ստացված հասույթը պետք է փոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին:
«Երբ շփվում ես հիվանդ երեխաների հետ, հասկանում ես, որ շատերը կյանքի ու մահվան սահմանագծին են: Նրանց աչքերում միայն հույս է: Երեխաները միայնակ չեն կարող հաղթահարել նման հիվանդությունները, հասարակությունը պետք է նրանց կողքին լինի: Մենք որոշեցինք իրագործել այս նախագիծը, ոչ միայն հույս պարգևել, այլև դրամական ոգնություն փոխանցել հիմնադրամին»,-ընդգծեց Տիգրանուհի Ղարագյոզյանը` հատուկ շնորհակալություն հայտնելով ԵՊԲՀ ռեկտորին` Միքայել Նարիմանյանին, ուսանողական խորհրդարանին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամին` աջակցության համար:
«Համալսարանը 60-ականներին է երգչախումբ ունեցել, մինչև 2015 թվականը որպես այդպիսին երգչախումբ չի եղել, եղել են անհատ կատարողներ: Երգչախումբն իմ նախաձեռնությամբ է ստեղծվել: Ավարտել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, երգել եմ տեղի երգչախմբում: Ծրագիր գրեցի, ներկայացրի ղեկավարությանը, հավանության արժանացավ ու ստեղծվեց երգչախումբը: Մեծամասամբ դրական արձագանքներ եմ լսել երգչախմբի մասին. ուսանողների շրջանում շատերը կան, ովքեր ունեն երաժշտական կրթություն, երաժշտությունը և բժշկությունը նրանց կյանքի մասն է կազմում: Ամեն տարի կազÕ �ակերպում ենք լսումներ, այն անձինք, ովքեր շնորհալի են և ցանկանում են անդամակցել երգաչխմբին ,գալիս են լսումների, դառնում անդամ»,-պատմեց Տիգրանուհի Ղարագյոզյանը:
Նրա տեղեկացմամբ` այժմ երգչախումբն ընդգրկում է 25 տաղանդավոր, վառ երիտասարդների:
«Երաժշտությունն, անկասկած, նպաստում է օրգանիզմում ինչ-ինչ գործընթացների ակտիվացմանը: Այն իր բուժիչ ազդեցությունն ունի: Մենք հավաքվում ենք շաբաթական երկու օր, վարժություններ ենք կատարում, փորձեր: Առօրյան հետաքրքիր է անցնում. տարբեր կուրսերի և ֆակուլտետների միաձուլում է տեղի ունենում»,-շեշտեց երգչախմբի գեղարվեստական ղեկավարը:
Տիգրանուհի Ղարագյոզյանի տեղեկացմամբ` մարտի ընթացքում երգչախումբը նախատեսում է այցելել Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ ելույթ կունենա հատուկ մանուկների համար նախատեսված ծրագրով, ինչպես նաև ապրիլինի նախատեսված է Կոմիտասին նվիրված միջոցառում անցկացնել: