ՀՀ դրոշը և և զինանշանը կիրառվում են ոչ ճիշտ գունային գամմաներում. Արթուր Պողոսյան
ОбществоՀայաստանի Հանրապետության երկու կարևոր խորհրդանիշները` դրոշը և զինանշանը, կիրառվում են ոչ ճիշտ գունային գամմաներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀմշակույթի նախարարիտեղակալ Արթուր Պողոսյանը` անդրադառնալով «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին կառավարության որոշմանը:
«Մենք այս երկու օրենքներով լիազորություն ենք տալիս կառավարությանը, որ այն սահմանի դրոշի և զինանշանի կիրառման ընդհանուր տեխնիկական պայմանները: Առարկություն է առաջացել այն հարցում, որ շատ հաճախ մեր պաշտոնական ձևաթղթերում, դրոշմակնքնիքներում, վկայականներում դրոշը և զինանշանը կիրառվում են ոչ ճիշտ գունային գամմաներում»,-շեշտեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը:
Արթուր Պողոսյանի խոսքով` հաճախ դրոշները գունաթափված են լինում, ոչ ներկայանալի, գույները չեն համապատասխանում այն ստանդարտներին, որոնք սահմանված են օրենքով:
«Եվ խնդիր էր առաջացել` կարգավորել այս հարցը, սահմանել ընդհանուր օգտագործման պայմանները, գույները, տեխնիկական չափանիշները: Այս խնդիրը դեռևս երկու տարի առաջ վարչապետի որոշմամբ ստեղծված Պետական խորհրդանիշների հանրահռչակման հանձնաժողովն էր ուսումնասիրել»,-նշեց Պողոսյանը` հավելելով, որ նախարարությունը կառավարության կներկայացնի անհրաժեշտ տեխնիկական ստանդարտները, և սահմանելուց հետո դրանք կդառնան կիրառման համար պարտադիր:
Որպես վերջնաժամկետ` սահմանվել է 2016 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակը:
«Օրենքները նախատեսում են, թե մեր խորհրդանիշներն աղավաղելու դեպքում ինչ պատիժ է հասնում: Մեր խնդիրն այն է, որ մեր զինանշանը և դրոշը ճիշտ ստանդարտներով կիրառվեն: Խոսքը կանխամտածված ձևով աղավաղելու մասին չէ, որը քրեորեն պատժելի է: Շատ հաճախ հանրային վայրերում տեսնում ենք հայկական դրոշներ, որոնց գույներից մեկի, մասնավորապես` նարնջագույնի փոխարեն դեղին է լինում: Մեր այս կարգավորումը բերելու է նրան, որ դրոշը և զինանշանը ճիշտ ձևով, չափերով, գունային գամմայով օգտագործվեն»,-հավելեց նա:
ՀՀ կառավարության փետրվարի 22-ի որոշմամբ հանձնարարվել է ՀՀ դրոշի մասին և ՀՀ զինանշանի մասին օրենքներում լրացումներ կատարել: Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառույցը ՀՀ մշակույթի նախարարությունն է: