Քվեարկությունից հետո ընտրական ցուցակների հրապարակումը հակասում է Սահմանադրությանը. Հովհաննես Սահակյան
ОбществоԳործող ընտրական օրենսգիրքը հնարավորություն տալիս է, որպեսզի քվեարկությունից հետո ընտրական ցուցակները հասանելի լինեն բոլորի համար: Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասացԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների պնդմանը, թե ընտրությ ուններից հետո ընտրական ցուցակները պետք է հրապարակվեն: «Ընտրություններից հետո ցանկացած տեղամասում որևէ վստահված անձ, եթե ինչ-ինչ խախտումներ է նկատել, կարող է այդ մասին նշում կատարել արձանագրության մեջ, և տվյալ տեղամասի ընտրական ցուցակները հրապարակային կդառնան բոլորի համար»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ մանրամասնեց Սահակյանը:
Նա հավելեց, որ կա Սահմանադրական դատարանի հստակ որոշում, որ ընտրություններից հետո ընտրական ցուցակների հրապարակումը հակասում է Սահմանադրությանը: «Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր են բոլորի համար, ուստի այս առումով մենք ավելացնելու բան չունենք»,- նշեց պատգամավորը:
Նա վստահեցրեց, որ ընդդիմության մյուս առաջարկները իրենք պատրաստ են քննարկել ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծի շրջանակներում: «Ես կրկնում եմ, մենք պատրաստ ենք լսել ցանկացած ողջամիտ առաջարկ: Բացի այն դրույթներից, որոնք արտացոլված են ընտրական օրենսգրքի նախագծում որպես սահմանադրական նորմ, մնացած բոլոր դրույթները կարող են ենթարկվել փոփոխությունների»,- եզրափակեց Սահակյանը: