Հայաստանում տարբեր եկամուտներով ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել ազգային ծրագրով
ОбществоՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարար Արտեմ Ասատրյանը համոզված է, որ 2016-2018 թթ. ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի հաստատման ու իրագործման դեպքում հայաստանաբնակները շահագրգռված կլինեն ապրել ու ստեղծագործել հենց Հայաստանում: Այս մասին նախարարը հայտարարեց ժողովրդագրական իրավիճակի բարելավման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: «Պետք է հաշվի առնենք, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խնդիրները երկարաժամկետ են, դրանք չեն կարող մեկ քայլով կամ մեկ միջոցառմամբ առարկայական արդյունքներ ապահովել, բայց օր առաջ պետք է ներդնենք այն կառուցակարգերը, որոնք իրավիճակի բարելավմանն ուղղված առարկայական միջոցառումներ են նախատեսելու և ամենակարևորը համախմբելու են բոլորիս ջանքերը»,- Արմենպրեսի փոխանցմամբ` ասաց Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով` սոցիալական, տնտեսական դժվարություններն անմիջականորեն ազդում են ժողովրդագրական ցուցանիշների վրա, հետևաբար, զբաղվածության, բնակարանային ապահովության հարցերի լուծման դեպքում հնարավոր կլինի արձանագրել բարելավում նաև ժողովրդագրական ցուցանիշներում: «Մասնավորապես, բնակարանային ապահովության խնդիրն առարկայական է մեր երիտասարդ ընտանքների համար, դա շաղկապվում է զբաղվածության հարցի հետ, հատկապես եթե աշխատավարձերը ցածր են: Ծրագրի հաստատման դեպքում հնարավոր կլինի ցանկացած աշխատավարձով նորաստեղծ ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու հնարավորություն ստեղծել: Սա կարող ենք իրագործել սոցիալական բնարականային ֆոնդի ձևավորման նոր ռազմավարությամբ»,-հավելեց նախարարը:
Նա նշեց, որ մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորությունից կարող են օգտվել տարբեր եկամուտ ունեցող ընտանիքները: «Ծրագիրն այն խմբերի համար է, որոնք բավարար եկամուտներ չունեն, միջին աշխատավարձով ընտանիքների համար, ինչպես նրանց համար, ում եկամուտները բարձր են, բայց բավարար չեն անմիջապես բնակարան ձեռք բերելու համար»,-նշեց Արտեմ Ասատրյանը:
Խորհրդարանական լսումները վերաբերում են «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագրի եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը» թեմային, քննարկվելու են նաև մայրությանն ու բազմազավակությանը վերաբերող հարցեր: